«

»

Ննգիի կրթօջախը նոր շենքային պայմաններ կունենա

Մայիսի 5-ին  աշխատանքային այցով  Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում   հյուրընկալվեց   ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը։ Կրթօջախը կառուցվել է 1931 թվականին։ 2014 թվականին վերանորոգվել է  Հայ կրթական հիմնարկության բարերարների կողմից։ Առաջացած խնդիրները պարբերաբար կարգավորվել են մասնակի վերանորոգումների միջոցով։  Սակայն սողանքները ոչ միայն գյուղն են ծվատել, այլև անհարմարություններ  են ստեղծել դպրոցի համար։  Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի  ուղեկցությամբ, ծանոթացել է դպրոցի բոլոր հնարավորություններին ու անհարմարություններին։  Ուսուցչական կոլեկտիվի հետ հանդիպմանը  Նարինե Աղաբալյանը խոսել է կրթության ոլորտում մշակվող  նոր ռազմավարության մասին։ Նախարարի խոսքով՝  Ննգիի դպրոցում բարձրացված խնդիրները հատուկ են Արցախի գյուղական դպրոցների մեծ մասին և պետք է դրանց լուծում տալ ընդհանուր հայեցակարգի  շրջանակներում․ «Ուսուցման պայմանների բարելավումից բացի նաև ուսուցման տրամաբանությունը  պետք է վերանայվի՝  աշակերտին սովորեցնելով ապրել ու արարել հենց իր ծննդավայրում։  Մենք բրուտագործության, անասնապահության հետ կապված  ավանդույթներ ունենք։ Նաև  կրթության միջոցով  պետք է  երեխաներին տանք այդ գիտելիքները  և  ուղղորդենք դեպի այդ ճյուղեր»։

Հեռանկարը, որ մոտ ապագայում Արցախի բոլոր դպրոցները մարզադալիճ կունենան, Նարինե Աղաբալյանն իրատեսական չի համարում․դրա համար մեծ  միջոցներ ու երկար ժամանակ  կպահանջվի։ Նոր ռազմավարությամբ նախատեսվում է հիմնվել տեխնիկական հնարավորություններով ու մասնագետներով ապահովված բազային դպրոցների վրա։   Ննգու դպրոցի պարագայում մոտեցումն  այլ կլինի։  «Հին դպրոցը  կցակառույցներով չի ծանրաբեռնվի։ Սողանքներից տուժած գյուղն աստիճանաբար տեղափոխվում է դեպի հարավ։ Արդեն ձևավորվել է առաջին թաղամասը։ Նոր դպրոցն էլ  հավանաբար նոր թաղամասում կկառուցվի»,-տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։  Վերջնական որոշումը կկայացվի  ուսումնասիրություններից հետո։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>