«

»

Ստեփանակերտում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցույթ-փառատոն

Հուլիսի 1-ից 2-ը,  «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» և Արցախի «Պարի և սպորտային պարերի միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով, Ստեփանակերտում տեղի է ունեցել  սպորտային պարերի երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում կայացել է «Ստեփանակերտի գավաթ» բաց առաջնությունը: Նպատակը՝ առողջ ապրելակերպի ձևավորում, Արցախում սպորտային պարերի  տարածում ու զարգացում, նաև սպորտային պարերի միջոցով Արցախն աշխարհին ներկայացնելու հարթակի ստեղծում,  Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային, ինչպես նաև միջազգային կապերի ամրապնդում:

Ստեփանակերտում երկրորդ անգամ անցկացվող սպորտային պարերի փառատոնին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել մասնակիցներ Ռուսաստանից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ), Ուկրաինայից (Կիև), Մոլդովայից (Քիշնև), Լեհաստանից (Լյուբլին), ԱՄՆ-ից (Գլենդել), Պարսկաստանից (Թեհրան), Հայաստանից (Երևան, Գյումրի, Արմավիր, Էջմիածին) ու  Արցախից (Ստեփանակերտ)՝շուրջ 500 հոգի:

Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 1-ին  կայացել  է բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը՝1 մլն 200 հազար ՀՀ դրամը, փոխանցվել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին:

Հուլիսի 2-ին մրցույթը շարունակվել է Ստեփանակերտի N 6 դպրոցում, իսկ երեկոյան տեղի է ունեցել  մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Հուլիսի 3-ին  ԿԳՍ նախարարը հյուրընկալել է փառատոնի շրջանակներում Արցախ ժամանած միջազգային կարգի վարպետներ Օկսանա  Սեմյոնովային (Մոլդովա), Սերգեյ  Կոբիլկինին (Լեհաստան), Օլեգ  Դաշկևիչին (Ռուսաստան), Օլեգ Կուդինովին (Ռուսաստան), Իգոր  Մաշինին (Ուկրաինա), Լարիսա   Մաշինային (Ուկրաինա)  ու  Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա  Մամյանին:

Հյուրերը նախարարի  հետ կիսվել են Արցախից և փառատոնից ստացած  վառ  տպավորություններով: Նրանք արդեն հասցրել են դրանցով  կիսվել սոցցանցերում և մեծ թվով ընկերներ պատրաստակամություն են հայտնել գալ Արցախ, մասնակցել մրցույթներին: Փառատոնի գլխավոր մրցավար Օլեգ Դաշկևիչը ողջունեց  Արցախի կառավարության աջակցությունը նման ծրագրերին և կարևորեց ցանկացած երկրում ու ցանկացած իրավիճակում երեխաների զարգացմանը միտված նման  նախաձեռնությունները:

Հյուրերն ուրախությամբ ու զարմանքով փաստեցին, որ մրցակցությունն Արցախում վերածվեց ընկերության:  Նրանք պատրաստակամություն հայտնեցին համագործակցել այսուհետ ևս, մասնավորապես՝ մրցույթի շրջանակներում նաև վարպետության դասընթացներ անցկացնել արցախցի երեխաների համար: Նարինե Աղաբալյանը միջոցառումը կարևոր հիմնաքար  է համարում Արցախում սպորտային պարերի զարգացման համար:  «Ովքեր Արցախ են գալիս նման նախաձեռնություններով, իրենց հետ խաղաղություն են բերում: Բացի մրցելուց  մեր երեխաները ձեռք են բերում  նոր ընկերներ, և հենց  այդ բարեկամությունը կլինի յուրաքանչյուրի պարգևը: Սպորտային պարերի զարգացմանը միտված ծրագրերն Արցախում  մեկնարկային փուլում են.   վստահ եմ՝  հաջորդ տարիներին հնարավորություն կունենանք միջազգային մրցումներին նաև մեր զույգերի մասնակցությունն ապահովել »,-ասել է ԿԳՍ նախարարը: Հանդիպման ավարտին Նարինե Աղաբալյանը խորհրդանշական նվերներ է հանձնել հյուրերին:

 

Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն է: Ծրագիրը հովանավորել են նաև ԱՀ ԿԳՍ  նախարարությունը, «Արցախ ՀԷԿ » ընկերությունը: Ինֆորմացիոն հովանավորն է Արցախի հանրային  հեռուստառադիոընկերությունը: Աջակցել է  նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>