«

»

Գերազանցիկ ուսանողներին շնորհավորել է Արցախի նախագահը

 

Հուլիսի 4-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ  ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանն  ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։  Շնորհավորելով բոլորին գեղեցիկ օրվա առիթով՝ կրթության ոլորտի պատասխանատուն  նախ շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին՝ ուսանողներին խրախուսելու գեղեցիկ ավանդույթի և այն  հետևողականության համար, որ Բակո Սահակյանը ցուցաբերում է կրթության և գիտության խնդիրների նկատմամբ՝ այդ ոլորտների  զարգացումը դիտարկելով որպես մեր պետության անվտանգության և առաջընթացի կարևոր գործոն։  Նարինե Աղաբալյանը տեղեկացրել է, որ նախագահի հանձնարարականով  մշակման փուլում է  բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների նոր ռազմավարությունը․ մի շարք ծրագրեր արդեն մեկնարկել են,  մասնավորապես՝    մասնագիտական կրթություն իրականացնող բուհերի հավատարմագրման գործընթացն ու ԱրՊՀ-ի վերակառուցման և հիմնանորոգման ծրագիրը։ Աշխատանքներ են տարվում բուհերի կառավարման արդյունավետության բարձրացման, արհեստագործական և միջին մասնագիտական  կրթության համակարգի բարելավման, մասնագիտական կրթությունը տնտեսության պահանջներին համապատասխանեցնելու  ուղղությամբ։  ԿԳՍ նախարարը շնորհակալություն  է  հայտնել շրջանավարտներին  ուսումը գերազանցությամբ  ավարտելու համար և համոզմունք հայտնել, որ նրանք  ոչ միայն հետևողականորեն շարունակելու են կրթությունը,  դրսևորելու են   մասնագիտական գիտելիքները,  հմտություններն ու կարողությունները, այլև կարողանալու են պատասխանատվություն ստանձնել երկրի ներկայի և ապագայի համար։

«Մեզ համար կարևորագույն խնդիրը եղել և մնում է  մեր երկրի անվտանգությունը։ Միայն անվտանգության ապահովման դեպքում մենք կարող ենք մտածել  կայուն զարգացման և առաջընթացի մասին։ Հուսով եմ՝  զբաղեցնելով ձեր տեղը  տարբեր ասպարեզներում, կարողանալու եք անսասան պահել  մեր պետականությունը»,- շրջանավարտներին  հաջողություններ է մաղթել Նարինե Աղաբալյանը։

Երիտասարդներին ուղղված իր ելույթում  Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտելիքների նկատմամբ սերը, աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը շրջանավարտներին կօգնեն զարգացնել իրենց ունակություններն ու կարողությունները, դառնալ բարձրակարգ մասնագետներ, Արցախի արժանի քաղաքացիներ, ուրույն ավանդ բերել հայրենի երկրի զարգացմանն ու շենացմանը: Երկրի ղեկավարը հավաստացիացրել է, որ  պետությունը հետևողական աշխատանք է իրականացնում կրթության և գիտության զարգացման, երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ժամանակակից գիտելիքներով զինված, առողջ ու հայրենասեր սերունդ դաստիարակելու ուղղությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ԱրՊՀ-ի 47 շրջանավարտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից՝ 17 շրջանավարտ։ Ուսանողներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև բուհերի ռեկտորներ՝ Մանուշ Մինասյանն ու Հովհաննես Թոքմաջյանը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>