«

»

Պարգևատրվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մրցանակակիրները

 

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Եզրափակիչ փուլին մասնակցելու երաշխավորագիր էին ստացել հանրապետության 77 դպրոցականներ, 47-ը՝ ՀՀ-ից վերադարձել են մրցանակային տեղերով և գովասանագրերով։ 29-ը հոգի արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, մասնավորապես  13-ը՝ գյուղական համայնքներից, 5-ը՝շրջկենտրոններից, 2 աշակերտ՝Ճարտար և  9-ը՝ Ստեփանակերտ քաղաքներից։ ԱՀ նախագահի կարգադրությամբ աշակերտները պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով ու բջջային հեռախոսներով, առաջին և երկրորդ կարգի դիպլոմակիրների ուսուցիչները՝100․000-ական ՀՀ դրամով։
Ողջունելով ներկաներին ԱՀ ԿԳՍ նախարարը նշել է, որ դպրոցական օլիմպիադաների արդյունքների ամփոփումը հնարավորություն է տալիս գնահատել ոչ միայն առանձին աշակերտների, այլև ուսուցիչների և դպրոցի կատարած աշխատանքը։ Այս ուսումնականում լավագույն արդյունքներ են ցուցաբերել Ասկերանի շրջանի Սզնեքի, Ակնաղբյուրի, Մարտակերտի շրջանի Հաթերքի միջնակարգ և Ստեփանակերտի N 3 հիմնական դպրոցները։  «Այսօր բոլոր ջանքերն ուղղված են երեխաների համար առավել մրցունակ կրթության ապահովմանը, ինչը ենթադրում է բացի հիմնական գիտելիքներից, հմտությունների, կարողությունների զարգացում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, նոր մեթոդների, ինչպես նաև ուսուցիչների աշխատանքի գնահատման նոր մեխանիզմների մշակում և ներդրում դպրոցում։ Որպեսզի մեր զարգացումը լինի շարունակական, մեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և կայունություն եմ մաղթում, իսկ աշակերտներին և ուսուցիչներին՝ նորանոր հաջողություններ  ու հաղթանակներ»,- ելույթն ամփոփել է Նարինե Աղաբալյանը։

Բակո Սահակյանը կարևորել է  դպրոցականների հաջողություններն ու ձեռքբերումները՝ անհրաժեշտ համարելով շարունակել մշտապես կատարելագործել, խորացնել ու ընդլայնել գիտելիքները, ձգտել հասնել նորանոր բարձունքների, երբևիցե չընկճվել բարդությունների և դժվարությունների առջև: Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի համեստ, պարկեշտ  և  խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու  և զորացնելու են մեր անկախ պետականությունը։ «Մեր ժողովրդի մտավոր ներուժն  ամենամեծ հարստությունն է, որը ժամանակին բացահայտելու, կատարելագործելու և ճիշտ օգտագործելու դեպքում կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,- իր խոսքում նշել է նախագահ Սահակյանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>