«

»

Ծմակահողում մեկնարկել է պատանի բնագետների ճամբարը

Ս.թ. հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում տեղի է ունեցել Պատանի բնագետների ամառային ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծմակահող գյուղում պատանի բնագետների ամառային դպրոցը կազմակերպվում է 2014 թվականից՝ամեն տարի հուլիսին:  Ճամբարի անցկացման վայրն ու ժամկետը պատահական չեն ընտրված.հենց հուլիսի 21-ին  լրանում է խորհրդային տարիներին ականավոր ճարտարապետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի ծննդյան 113-ամյակը, ով ծննդով Ծմակահող գյուղից է: «Անդրանկի Իոսիֆյանին երախտապարտ լինելու դրսևորումը, պիտի լինի Արցախում  բնագիտամաթեմատիկական ուղղության զարգացումը: Ճամբարականների՝ այստեղ լինելու հիմնական նպատակներից մեկը հենց դա է:  Կարևոր է, որ հետագայում որպես մասնագիտություն ընտրեք գիտության այնպիսի ուղղություն, որով ոչ միայն ձեզ համար կստեղծեք հուսալի ապագա, այլ նաև դրանով ձեր ներդրումը կունենաք երկրի գիտական ոլորտի զարգացման գործում»,- դիմելով ճամբարականներին՝ ասել  ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր  Կարեն Արամյանը: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով ճամբարի մեկնարկի առթիվ, նշել է, որ ճամբարը կազմակերպվում է այն նպատակով, որ նոր սերունդը ճանաչի  իր մեծերին  ու հասկանա, որ այդ նույն գեների կրողն է: «Արցախ աշխարհը տվել է զավակներ, ովքեր իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել ողջ մարդկության կյանքում: Այդպիսի մեծություն է նաև Անդրանիկ Իոսիֆյանը, ով իր անունը թողել է  մեզ՝ որպես մեծ ժառանգություն: Յուրաքանչյուրը, եթե իր առջև դնի նպատակ և հետևողական աշխատանք տանի, ապա կարող է անցնել այդ նույն ճանապարհը՝ ճանաչելի դառնալով ոչ միայն հայրենիքում, այլև ողջ աշխարհում: Ձեզ այստեղ դասավանդելու են լավագույն մասնագետներ, և սա բացառիկ հնարավորություն է ձեզ համար: Ես մաղթում եմ հետաքրքիր ու հաճելի հանգիստ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ, որ առավելագույն գիտելիքներ ստանաք այստեղ, ինչը կնպաստի ձեր կարողոությունների զարգացմանը»,- ասել է Նարինե Աղաբալյանը՝հավելելով, որ  ճամբարականների համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հետաքրքիր և բովանդակալից առօրյա ունենալու համար:

Ամառային դպորցում կդասավանդեն ԱրՊՀ, ԵՊՀ և ՀԱՊՀ ուսանողները, Երևանի մասնագիտացված դպրոցների և Ծմակահողի պատանի բնագետների ամառային դպրոցի բարձր դասարանցիները:  Ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, տրամաբանական և ծրագրային մտածողությունը, ուսուցանել մաթեմատիկայի ծրագրավորման  բազային գիտելիքներ, համացանցից օգտվելու միջոցներ, հայտնաբերել հեռանկարային աշակերտներին: Ծրագրին մասնակցում են Ծմակահողի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու  հարցազրույցի արդյունքներով  ընտրված Մարտակերտի շրջանի դպրոցների 5-6-րդ դասարանցիները:  70 մասնակցից  10-ը հրավիրվել են Երևանի պետական համալսարանից և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից: Կրթական ծրագիրը մատուցվելու է դասախոսությունների, թեմատիկ բանավեճերի , դասընթացների, խաղերի ու մրցույթների միջոցով:  Ճամբարականների համար կկազմակերպվեն նաև արշավներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր, այցեր թանգարաններ,  նախատեսված է  նաև հետաքրքիր մարզամշակութային ժամանց: Ամառային դպրոցի կազմակերպիչներն են ՝ԱՀ ԿԳՍ նախարարությունը, ԱրՊՀ-ն, ԵՊՀ-ն  AITC-ն , Instigate Mobile-ը CJSC-ն, «Առաջ Արցախ » երիտասարդական ՀԿ-ն: Պատանի բնագետների ճամբարը կգործի մինչև հուլիսի 31-ը: Ճամբարի պետն է  Սևակ Հակոբյանը:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>