«

»

Մարզական նոր ընտանիք. ստեղծվել է «Արցախի մարզիկների միություն» ՀԿ

Ս.թ.հուլիսի 21-ին Արցախում ստեղծվել է նոր կառույց՝ «Արցախի մարզիկների միություն» ՀԿ-ն, որի նախագահն է աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Դանիելյանը: Միության հիմնադիր ժողովին ներկա էր նաև նախագահ Բակո Սահակյանը, ով   կարևորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի և ֆիզկուլտուրայի զարգացման գործում։

Ներկայացնելով նորաստեղծ միության գործառույթներն ու նպատակները՝Աշոտ Դանիելյանն ասել է, որ «Արցախի մարզիկների միություն» ՀԿ-ն, համագործակցելով ԿԳՍ նախարարության հետ, սպորտի ոլորտում իրականացնելու է բարեգործական գործունեություն, նպաստելու է հանրապետությունում սպորտի մասսայականացմանն ու զարգացմանը, օջանդակելու է մարզաշխարհի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը: Կազմակերպության ծրագրում առանձնահատուկ  տեղ է հատկացվելու վետերան մարզիկների սոցիալական պաշտպանությանը, առողջ ապրելակերպի և օլիմպիական իդեալների քարոզչությանը:

Միության ստեղծումը ողջունել է նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և համոզմունք հայտնել, որ մարզիկների նորաստեղծ միությունն անկասելի կդարձնի մեր սպորտային հաղթական շարժումը և կնպաստի նոր հաղթանակների արձանագրմանը: «Այն, ինչ կատարվեց մեր երկրում վերջին տարիներին սպորտի զարգացման ուղղությամբ՝ նոր մարզադաշտերի, մարզադահլիճների, մարզադպրոցների հրապարակների կառուցումն ու հիմնանորոգումը, տարբեր մարզաձևերի  զարգացմանն ուղղված քայլերը, հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու աննախադեպ որոշումները, սեփական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորություններ բացեցին հազարավոր երեխաների համար: Սա մի ասպարեզ է , որտեղ մրցակցությունն է առաջ մղող ուժը, իսկ ցանկացած մրցակցություն բաժանարար հատկություն ունի: Կարծում եմ, Արցախի մարզիկների միության ստեղծումով մեր մարզաշխարհի ներկայացուցիչներն ազդարարում են նախևառաջ, արցախյան մարզական միասնական ընտանիքի մասին: Արցախի մարզիկների միությունը կարող է դառնալ  մեր հավաքական ուժի դրսևորումներից մեկը»,-նշել է ԿԳՍ նախարարը՝ընդգծելով, որ կառույցի ստեղծումը նոր խթան  կհանդիսանա նվաճումները բազմապատկելու, նաև օլիմպիական հաղթանակների ձգտելու և հասնելու համար:

Նարինե Աղաբալյանը շնորհավորել և նվերներ հանձնել հուլիսի 9-16-ը Բրազիլիայում անցկացված սանդա ուշուի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մեր մրցանակակիրներին՝ 48 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արսեն Բաղրյանին, 65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Վարդան Աբրահամյանին և մարզիչ Դավիթ Գրիգորյանին:

Մարզական միության ստեղծումը ողջունել են նաև հանրապետության վաստակաշատ մարզիկները.ելույթով հանդես  է եկել վետերան մարզիկ Վագիֆ Իշխանյանը:

«Արցախի մարզիկների միություն» ՀԿ հիմնադիր ժողովի ավարտին համերգային ծրագրով հանդես են եկել  հանրապետության մշակույթի գործիչները:

 Հ.Գ. Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու  գավաթի խաղարկություններում Արցախի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել 150 անգամ:

Ունենք աշխարհի 7 չեմպիոն, Եվրոպայի 14 չեմպիոն, տարբեր մարզաձևերից՝ Հայասատանի Հանրապետության 331 չեմպիոն:

Արցախում այսօր գործում են 24 մարզական ֆեդերացիա, Ստեփանակերտում և շրջկենտրոններում 11 մանկապատանեկան մարզադպրոց՝ 267 մարզախմբով,  20 մարզաձևից՝ 3.114 սաներով:  

ֆիզիկական կուլտուրայով և սպորտով Արցախում  զբաղվում է 15.0000 քաղաքացի:

 2011-2017 թվականներին ԱՀ կառավարության կողմից պարգևատրվել է 210 մարզիկ՝590 անգամ:  ԱՀ պատվավոր կոչումների են արժանացել  28 հոգի՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ՝ 9, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող՝ 10 և վաստակավոր մարզիչ՝ 9 հոգի:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>