«

»

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի ելույթը՝ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մեկնարկի առիթով

Սիրելի հայրենակիցներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ  Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մեկնարկի առիթով:

Արդի ժամանակներում նոր մարտահրավերներ և նոր խնդիրներ են կանգնած հայ ազգի առաջ, հետևապես, նման հավաքները և քննարկումները կարևոր են  նախ առկա խնդիրներն ընդգծելու և մեր հետագա անելիքները հստակեցնելու տեսանկյունից:

Կրթության ոլորտի խնդիրների մասին բազմիցս է խոսվել և տարբեր ծրագրեր են իրականցվել այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Իհարկե, խնդիրները չեն սպառվել և չեն էլ սպառվելու երբեք, որովհետև յուրաքանչյուր ժամանակաշրջան իր փոփոխությունները, հետևաբար, նաև իր խնդիրներն է բերում:

Ես հակիրճ կփորձեմ ներկայացնել Արցախի կրթական խնդիրները և դրանց լուծման  մեր տեսլականը՝  Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հետ համագործակցության համատեքստում:

Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես Սիս ու Մասիս, ամբողջական են և հայոց պետականությունն են խորհրդանշում: Բնականաբար,  բոլոր ոլորտներում, այդ թվում և կրթական ոլորտում մեր քայլերը համընթաց են:

Նույն օրենսդրական, իրավական կարգավորումներն են գործում, նույնն են ուսումնական ծրագրերը, պլանները, դասագրքերը, հետևաբար, նույնն են նաև բոլոր այս ուղղորդիչների հետ կապված խնդիրները: Այսօր կրթության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա և դա, առաջնահերթորեն վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, նոր սերնդի կրթության պահանջներին համապատասխանեցմանը: Հուսով եմ, այդ խնդիրների մասին քննարկումներ կլինեն խորհրդաժողովի շրջանակներում:

Արցախ-Հայաստան-Սփյուռք կրթության ոլորտում փոխհամագործակցության ծրագրերը, ըստ իս, երկու ուղղվածություն պիտի ունենան՝ փոխճանաչման և փոխօգնության:

Մենք բոլոր ճակատագրական պահերին միավորվում ենք համազգային խնդիրների շուրջ և միասնական ճակատով դիմակայում փորձություններին: Այդպես էր 1988-ին և արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում, այդպես էր նաև 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Պատերազմի հետևանքով ավերված Արցախը նորից վերածնվել է  Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  աջակցությամբ: Բայց, համաձայնեք, անգամ 88-ից 30 տարի անց մենք շատ քիչ բան գիտենք միմյանց մասին: Ամեն տարի, սփյուռքի մի քանի տասնյակ դպրոցներ ճանաչողական ճամփորդություններ են կազմակերպում դեպի հայրենիք, սակայն հասնում են մինչև Երևան ու հետ են վերադառնում: Քչերն են, որ շարունակում են ճամփորդությունը և հասնում մինչև Արցախ: Կարծում եմ՝ մտորելու հիմք կա, որովհետև առանց միմյանց հետ շփվելու, ճանաչելու, մենք չենք կարողանալու իրագործել այն նպատակները, որոնք դրված են մեր ազգային կրթության հիմքում: Հայ դպրոցականի համար  գոնե մեկ անգամ Մեսրոպի Մաշտոցի ստեղծած արցախյան դպրոցում՝ Ամարասում, լինելը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մի ամբողջ դասագրքի յուրացումը:

Եթե սփյուռքի  համար հայկական դպրոցը և հայեցի ուսուցումը հայապահպանության գլխավոր նպատակն ունի, ապա Արցախում հայկական դպրոցը ներառում է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության  անվտանգության ապահովման բաղադրիչը:  Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով տեղակայված արցախյան գյուղերի դպրոցները գրեթե նույն դերակատարությունն ունեն, ինչ սահմանը պահող հայկական բանակի ստորաբաժանումները:

Ահա թե ինչու, կրթության ոլորտի որևէ բարեփոխում, որը թելադրված է ժամանակի պահանջով, հնարավոր չէ կիրառել արցախյան  դպրոցների նկատմամբ, առանց այդ հանգամանքը հաշվի առնելու: Հենց դրանով էր պայմանավորված, որ միանալով Բոլոնյան գործընթացին, Արցախը չշտապեց գնալ բոլոր շրջաններում ավագ դպրոցների ստեղծման ճանապարհով, այլ ընտրեց մի լուծում, որը գուցե ավելի ծախսատար է պետության համար, բայց անվտանգության տեսանկյունից ավելի ընդունելի է:

Սակայն, արդյունքում, այսօր Արցախում ունենք 12-ամյա կրթություն ունեցող շատ դպրոցներ,որտեղ աշակերտների թիվը չի անցնում 20-ից: Եվ հենց սա է մեր ամենադժվար լուծելի խնդիրը:

Մի կողմից՝  հնարավոր չէ յուրաքանչյուր 10-20 աշակերտի համար ունենալ ժամանակակից դպրոց և ապահովել որակյալ կրթություն, մյուս կողմից՝ որևէ գյուղում դպրոցի փակումը կնշանակի՝ արագացնել գյուղի դատարկումը: Հետևապես, ինչպես անել, որ և մեր ռեսուրսները կարողանանք արդյունավետ օգտագործել, և արցախյան գյուղը կանգուն մնա, և անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան:

Դպրոցաշինությունն Արցախի իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության օրակարգում է եղել միշտ և այդ խնդրի լուծմանը բոլոր այս տարիներին մասնակցել է հայ սփյուռքը: Տարբեր երկրների հայկական համայնքների, ինչպես նաև առանձին բարերարների աջակցությամբ, բազմաթիվ նոր դպրոցներ են կառուցվել  կամ հիմնանորոգվել Արցախում, ինչի շնորհիվ, հազարավոր հայ դպրոցականներ այսօր սովորում են բարեկարգ պայմաններում: Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անգամ արդիական դպրոցի առկայությունը փոքր համայնքում երաշխիք չէ գյուղի պահպանման: Երաշխիք չէ նույնիսկ բարձր որակավորում ունեցող  ուսուցիչների առկայությունն այդ դպրոցում:

Արցախի Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի դպրոցում  ընդամենը 11 աշակերտ է սովորում: Նրանցից 4-ն այս տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունքներն են արձանագրել, իսկ 2-ը հաղթել են նաև Երևանում՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Սակայն, այդ 11 երեխաները, որ ընդամենը 4-5 ընտանիքի երեխաներ են,  տարիներով շփվում են միայն միմյանց հետ և նրանց պատկերացումներն Արցախի, Հայաստանի, Սփյուռքի և, ընդհանրապես, աշխարհի մասին սահմանափակվում են իրենց կարդացածով ու լսածով: Եվ օլիմպիադաներին մասնակցությունն այն բացառիկ առիթներն են, որ նրանց հնարավորություն են տալիս հայտնվել այլ միջավայրում, շփվել այլ մարդկանց հետ:

Սզնեքի օրինակը բնորոշ է Արցախի շատ գյուղերի: Որպեսզի այդ գյուղերի դպրոցներում սովորող երեխաները ոչ միայն չհեռանան, այև տեր կանգնեն իրենց գյուղին, մենք պետք է գրագիտություն սովորեցնելուց և առարկայական գիտելիքներ տալուց բացի նրանց տանք այնպիսի գիտելիքներ, որոնք կիրառելի կլինեն տվյալ տարածաշրջանում և կօգնեն զարգացնել համայնքային կյանքը: Եվ գիտելիքներից բացի տալ համոզմունք, որ որևէ մեկը առուծախի առարկա չի դարձնի հողը, որի վրա նրանք ծնվել ու ապրում են:

Արցախի ամեն մի թիզ հող ունի  հիշողություն, սրբագործված է, պատմամշակութային մեծ

Ժառանգության կրող է, հետևաբար, ունի գրավչության և զարգացման մեծ ներուժ: Այդ ներուժի բացահայտման և  իրացման համար  անհրաժեշտ են  համապատասխան մասնագետներ մեր դպրոցներում:

Հենց այստեղից էլ կարող է սկսվել Արցախ-Հայաստան-Սփյուռք կրթական համագործակցության երկրորդ ուղղությունը՝ փոխօգնությունը.

Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Արցախի յուրաքանչյուր դպրոց իր քույր դպրոցն ունենա ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքի որևէ համայնքում կամ համայնքներում: Այդ կապերը պետք է հաստատել և գործնական դարձնել՝ փոխայցելություններ, արձակուրդների ժամանակ համատեղ ճամբարների կազմակերպում, հյունընկալություններ ընտանիքներում, հաղորդակցության ժամանակակից միջոցներով տեսակապերի հաճախակի կազմակերպում, համատեղ դասեր, տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացում և այլն… առաջարկությունները կարող են շատ և բազմազան լինել:

Սա կօգնի ոչ միայն փոխճանաչմանը, այլև Արցախի դպրոցականների համար հաղորդակցության պակասի լրացմանը, սփյուռքի երեխաների  համար՝  հայկական ինքնության պահպանմանը, վերջապես, մեր սերունդների միջև որևէ անջրպետի բացառմանը, մշտական բարեկամության հաստատմանը:

Պետք է շարունակել նաև աջակցության ծրագրերը, դրանք դարձնելով ավելի նպատակային և արդյունավետ:

Կարծում եմ, մեր ուսուցիչները ևս պիտի հնարավորություն ունենան կարճաժամկետ ծրագրերով փոխարինել միմյանց: Արցախում թե օտար լեզուների և թե արևմտահայերենի իմացությունը խորացնելու, նաև ուսուցման նոր մեթոդների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման  խնդիր կա: Իսկ սփյուռքի դպրոցներում մեր ուսուցիչները կարող են, օրինակ, արևելահայերեն, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն և այլ առարկաներ դասավանդել: Բոլոր կազմակերպչական խնդիրները լուծելի են: Կարևորը՝ ցանկությունը և պատրաստակամությունն է:

Արցախը կարող է ընդունել նաև սփյուռքահայ ուսանողների: Մեր երազանքն է, որպեսզի մի օր հաղթական Շուշին դառնա համահայկական կրթական կենտրոն՝ համախմբելով հայ ուսանողներին և հայ գիտական միտքը:

Այսօր էլ Արցախում պատրաստ ենք ընդունել սփյուռքի տարբեր համայնքներից ուսանողների, ովքեր ցանկություն կունենան Արցախ-հայրենիքում ստանալու մասնագիտական կրթություն:

Համագործակցության ուղղությունների և ծրագրերի շարքը կարելի է երկար թվարկել: Մենք պատրաստ ենք նաև այս խորհրդաժողովի աշխատանքային ծրագրից դուրս քննարկել և մշակել համատեղ ծրագրեր ու իրագործել, իսկ այսօր խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ ուղերձով.

Այն ամենը, ինչ տեղի է ունենում մայր հայրենիքում և սփյուռքում, ուղղակի ազդեցություն ունի Արցախի սահմանը պահող դպրոցի և համայնքի տրամադրության վրա: Հետևապես, խնդրանքս է ձեզ և բոլոր մեր հայրենակիցներին՝ մեծ պատասխանատվությամբ կատարել յուրաքանչյուր քայլ և արտաբերել յուրաքանչյուր խոսք, միշտ հիշելով, որ սահմանի այն կողմից թշնամու նշանառության տակ են մեր հայ երեխաները և մեր հայրենիքը:

Խորհրդաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, բոլոր մասնակիցներին՝ առողջություն և հաջողություններ:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>