«

»

Մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը

Ս.թ. օգոստոսի 2-6-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, ք.Աղվերանում տեղի կունենա Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, Թեմական կրթական խորհուրդների ներկայացուցիչներ, համայնքների կրթօջախների տնօրեններ և ուսուցիչներ:
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովներում քննարկվում են  արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցվում կրթության ոլորտում ՀՀ ԿԳ նախարարության  կողմից իրականացվող ծրագրերը: Օգոստոսի 2-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պատկերասրահում կայացավ Համահայկական 8-րդ կրթական  խորհրդաժողովի  բացման հանդիսավոր արարողությունը՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքի 24 երկրից ժամանած 120 պատվիրակների մասնակցությամբ:
«Արցախի դպրոցներում սովորող երեխաները պետք է ունենան համոզմունք, որ երբևէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,-խորհրդաժողովի բացման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նրա խոսքով, այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Սփյուռքում, ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա, հետևաբար. «Յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել՝ հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները»:

Երկու տարին մեկ անցկացվող Համահայկական կրթական խորհրդաժողովը նպատակ ունի քննարկել Սփյուռքի  հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել ԿԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

Նարինե Աղաբալյանը կարևորեց նման հավաքների կազմակերպումը, ասաց, որ տարբեր ծրագրեր են իրականացվում խնդիրները լուծելու ուղղությամբ, սակայն դրանք չեն սպառվում և չեն էլ սպառվելու: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ժամանակաշրջան իր փոփոխություններն ու խնդիրներն է բերում: Նա արծարծեց Արցախի Հանրապետության կրթական համակարգի մի քանի խնդիրներ: «Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ամբողջական են, ինչպես Սիսն ու Մասիսը, և Հայոց պետականությունն են խորհրդանշում, բնականաբար բոլոր ոլորտներում` այդ թվում նաեւ կրթական, մեր քայլերը համընթաց են, նույն օրենսդրական և իրավական կարգավորումներն են գործում, նույն ուսումնական ծրագրերը, պլանները»,- նշեց Արցախի ԿԳՍ նախարարը՝հավելելով, որ  կրթության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչը վերաբերում է նոր սերնդի կրթության պահանջներին համապատասխան ուսուցիչների վերապատրաստմանը. «Այսօրվա դպրոցականը և դասավանդող ուսուցիչները հիմնականում տարբեր մտածելակերպ ունեն, և նախկին մեթոդներն ու սկզբունքներն այլևս չեն գործում»: Նարինե Աղաբալյանն իր ելույթում Արցախ-Հայաստան-Սփյուռք կրթության ոլորտում փոխհամագործակցության երկու ուղղվածություն առանձնացրեց՝ փոխճանաչման և փոխօգնության:

«Սահմանի ողջ երկայնքով տեղակայված արցախյան գյուղերի դպրոցները գրեթե նույն դերակատարությունն ունեն, ինչ մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Ահա թե ինչու կրթության ոլորտի որեւէ բարեփոխում, որ թելադրված է ժամանակի պահանջով, հնարավոր չէ կիրառել արցախյան դպրոցների նկատմամբ` առանց այդ առանձնահատկությունը և հանգամանքը հաշվի առնելու»,-շեշտեց նախարարը:

Խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը հրապարակվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության գիրն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը: Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց  ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Արդեն Աղվերանում, տարբեր մասնախմբերում քննարկվելու են  կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները, Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղված հետագա համատեղ քայլերը,
Սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, այդ թվում՝ նոր ավանդական մեթոդների կիրառման հնարավորությունները: Օրակարգում են նաև կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, արտադասարանական աշխատանքի կազմակերպման հարցերը, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սփյուռքի դպրոցներում «Շախմատ» առարկայի ուսուցման հնարավորությունները:
Խորհրդաժողովն ավարտվելու է բանաձևի ընդունմամբ, որը ՀՀ ԿԳ համար ուղղորդիչ կլինի առաջիկա երկու տարվա համար:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>