«

»

Պատարայի ճամբարը հյուրընկալել է Արցախի ու Հայաստանի դպրոցականներին

Օգոստոսի 10-ից 19-ը ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում, ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների համատեղ ջանքերով, կգործի պատանեկան ճամբար՝ Արցախի և Հայաստանի 11-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ (80 հոգի)։

Օգոստոսի 11-ին  տեղի ունեցավ ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը։  Ճամբարականները  հայկական երկու հանրապետությունների ԿԳ նախարարներին ողջունեցին՝ ըստ ջոկերի։ Շնորհավորելով  դպրոցականներին ճամբարի բացման կապակցությամբ՝ ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳ նախարարին նախաձեռնության և աջակցության համար ու  վստահություն հայտնեց, որ առաջիկա օրերին երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն Արցախի  բնության  հրաշալիքներին, այլև գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին։ «Հենց  Պատարա գյուղի անտառներում են 30  տարի առաջ կազմավորվել մեր ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք այնուհետև  ՊԲ ստորաբաժանումներն են դարձել և ապահովել մեր հաղթանակը՝մեզ պարտադրված պատերազմում։ Այդ պայքարի իմաստը, նպատակը մեկ միասնական հայրենիք ունենալն էր։  Ճիշտ է,  այդ պայքարի ընթացքում 2 հայկական հանրապետություն է հռչակվել, բայց մենք միասին ենք, և մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու այդ մեկ միասնական հայրենիք ունենալու գաղափարի իրագործմանը։  Այսօրվա ճամբարը դրա դրսևորումներից մեկն է»,-ասել է Նարինե Աղաբալյանը։

Որ նման համատեղ ծրագրերը շարունակական կլինեն, ԱՀ և ՀՀ դպրոցականների փոխայցելությունների թիվը կավելանա, վստահեցրեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա կարևորեց նման միջոցառումների անցկացումը և շեշտեց․ «Ճանաչելով միմյանց՝ մենք ավելի ուժեղ ենք դարձնում մեր հայրենիքը։ Ճանաչելով մեր բնությունը՝ ավելի են մեծանում  այն պաշտպանելու և պահպանելու հայրենասիրական  մղումները»։ Ճամբարականներին և հյուրերին իրենց կատարումներով ողջունեց «Velvet»  քառյակը, այնուհետև կազմակերպվեց  ավանդական խաղերի մրցույթ, լավագույն ջոկերը խրախուսվեցին կազմակերպիչների կողմից։ Ցուցադրական ելույթներով հանդես եկան Արցախի պատանի բռնցքամարտիկները։ Ճամբարային առաջին օրը եզրափակվեց  ազգային  պարերի վարպետության դասով։

Առաջիկա օրերին դպրոցականների համար հետաքրքիր ծրագիր է նախատեսված․ կկազմակերպվեն մարզամշակութային միջոցառումներ, այցելություններ՝ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ու դասախոսություններ։ Ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>