«

»

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի  աշակերտներ,  ուսուցիչներ, ծնողներ,

Սիրելի ուսանողներ ու դասախոսներ,

Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

Սեպտեմբերի 1-ը տոն է բոլորիս համար և առաջին զանգի ղողանջների հետ մեր կյանքը կարծես լցվում է ժպիտներով ու վառ գույներով, նոր իմաստով ու բովանդակությամբ:

Պատմական իրադարձություններով պայմանավորված Արցախում գիտելիքի, դպրության  և Հանրապետության հռչակման տոները համընկել են, և արդեն 27-րդ անգամ նոր ուսումնական տարվա մեկնարկը մեր երկրում տրվում է անկախության դասով: Մեծ խորհուրդ կա սրա մեջ, որովհետև երեկ, այսօր և վաղը՝ մեր բոլոր սերունդների համար ամենակարևոր դասը եղել է, կա և պետք է լինի՝ ամուր պահել հայոց պետության հիմքերը և մեր գիտելիքներով, տքնաջան աշխատանքով ու հայրենիքին մեր ծառայությամբ ամեն օր մի քար ավելացնել այդ հիմքի վրա, քանզի պետականությունն է, որ երաշխավորում է անվտանգություն, կրթության, աշխատանքի և զարգացման հնարավորություն:

1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակված անկախությունը և անհավասար պատերազմում արժանապատիվ հաղթանակը ապահովեցին մեր երեխաների համար բարեկարգ դպրոցներում սովորելու հնարավորություն:

Իհարկե, տասնյակ դպրոցներ դեռ շարունակում են կրել պատերազմի հետքը և կարոտ են շինարար ձեռքի: Սակայն, անկախության տարիների դպրոցաշինության ակտիվ ընթացքը հուշում է, որ նոր ու հիմնանորոգված դպրոցների թիվը տարեցտարի ավելանալու է:

Սիրելի աշակերտնե՛ր,

Այսօր գուցե ավելի, քան երբևէ կարևորվում է գիտելիքը և գիտելիքի հետ միասին անձնային որակների ու կարողությունների զարգացումը:

Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների այս դարում կյանքը շատ արագ է փոփոխվում, հետևապես, ամեն օր մեր առջև նոր մարտահրավերներ ու նոր խնդիրներ են ծառանում: Այդ փոփոխությունները պիտի արտացոլվեն նաև կրթության մեջ, հետևապես, մենք պիտի կարողանանք լինել ավելի ճկուն և քայլենք ժամանակին համընթաց:

Սիրելի ծնողնե՛ր,

Մենք ունենք հրաշալի ուսուցիչներ, ովքեր անմնացորդ նվիրումով են կատարում իրենց առաքելությունը, ովքեր կրթում ու դաստիարակում են արժանապատիվ սերունդ, յուրաքանչյուր աշակերտի մեջ բացահայտելով անհատին և ճանապարհ հարթելով դեպի մեծ ապագա:

Սիրելի ուսուցիչնե՛ր,

Ձեզ հետ միասին մենք շարունակելու ենք նոր հնարավորություններ ստեղծել մեր երեխաների համար և, վստահաբար, հպարտանալու ենք նրանց ձեռքբերումներով ու նոր հաղթանակներով:

Դրոցական զանգն այսօր ղողանջեց մեր հանրապետության 24369 դպրոցականների համար, նրանցից շուրջ 2441-ի համար՝ առաջին անգամ:

Շնորհավորում եմ բոլորին և մաղթում հետաքրքիր ու լուսավոր ճանապարհ մեր աշակերտներին՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհում, անսպառ ուժ ու կորով մեր ուսուցիչներին՝ իրենց պատվաբեր ու պատասխանատու առաքելության մեջ, խաղաղություն ու բարգավաճում՝ մեր երկրին:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>