«

»

«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան»․ Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության,  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, «Վալլեքս  Գարդեն Հոթել» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունների աջակցությամբ սեպտեմբերի 14-ին  «Վալլեքս Գարդեն Հոթել»-ի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը:

Լիագումար նիստին   բացման  խոսքով  հանդես   է   եկել    «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, գիտաժողովի  կազմկոմիտեի   նախագահ   Ավետիք  Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ստեփանակերտում  միջագային  երիտասարդական  արդեն    3-րդ  գիտաժողովի   կազմակերպմամբ՝  նպատակ  ունեն  գիտականորեն    վերլուծել  և  ներկայացնել    հայոց  պետականության,  հատկապես  վերջին  հարյուրամյակի  ընթացքում  արձանագրված  հիմնախնդիրները, ունեցած   ձեռքբերումները  և  այն  անելիքները, որոնք  կնպաստեն   հայոց  պետականության  պահպանմանը,  զարգացմանն  ու   հզորացմանը:  Գիտաժողովը  նպատակ  ունի    նաև  բացահայտելու  երիտասարդների  գիտական  ներուժը:

Գիտաժողովին  մասնակցելու  հայտ  են  ներկայացրել   աշխարհի   7   երկրներից  105  գիտնականներ   ու  տարբեր  ոլորտների   մասնագետներ, այդ   թվում՝  պրոֆեսորներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի  Դաշնությունից, Հայաստանից  և  Արցախից, ինչպես  նաև   մասնակիցներ    ԱՄՆ-ից   ու   Բելառուսից: Ըստ    գիտաժողովի  կազմկոմիտեի  նախագահի՝ տարիների ընթացքում    շուրջ  250  մասնակիցների   միջև   կապի  հաստատումը, նրանց  գիտական  ներուժի օգտագործումը  դարձել  է  Արցախի   երիտասարդ  գիտնականների  և  մասնագետների միավորման  հաջողությունների  գրավական:

ԱՀ    իշխանությունների  անունից գիտաժողովի  մասնակիցներին  ողջունել է  կրթության,  գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը։ Ըստ    նախարարի՝   գիտաժողովն  առիթ  է, որպեսզի  աշխարհի  տարբեր  երկրներից  հավաքված գիտնականները    կարողանան  մտքեր  փոխանակել,   կառուցողական  քննարկումներ   ծավալել   ոչ   միայն    ներհայկական,   այլև  աշխարհաքաղաքական  խնդիրների  շուրջ: «Իր   հազարամյա  պատմության  ընթացքում ազգային-ազատագրական   պայքարը   միշտ  ուղեկցել  է  հայ  ժողովրդին: Այս  գիտաժողովը    լավ  առիթ  է   այդ  պատմական անցյալի   իրադարձությունները  գիտականորեն   գնահատելու:  Արցախյան   շարժումը, որ   մեր  ազգային-ազատագրական  կարևոր  փուլն  է, ոչ   միայն  կանխորոշել  է  արցախահայության     ճակատագիրը,    այլև  ազդարարել է  խորհրդային   ռեժիմի    փլուզման  սկիզբը  և  աշխարհակարգի  փոփոխությունը: Հայ  ժողովրդի՝    մեկ   դար  առաջ    սկիզբ  առած   պայքարի  նպատակը  եղել   է  Հայոց  պետականության   վերստեղծումը.  այն       պսակվել   է  հաղթանակով  և  հայկական   2  պետությունների  հռչակմամբ: Այսօրվա  կարևոր   մարտահրավերներից  է   պետականության   պահպանումը, որը   վստահված  է   երիտասարդությանը»,-մասնավորապես   ասել է  Նարինե  Աղաբալյանը:

ՀՀ  սպորտի  և  երիտասարդության    հարցերի  նախարար Լևոն   Վահրադյանի   և   Երևանի  պետական   համալսարանի  ռեկտոր  Արամ  Սիմոնյանի  շնորհավորական  ուղերձները  գիտաժողովում ներկայացրել  են   համապատասխան  կառույցների   պատասխանատուները: Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները   շարունակվել են  իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, լրագրության, գրականագիտության, մանկավարժության  և  հոգեբանության  բաժանմունքներում:

Գիտաժողովի  բացմանը  ներկա  էին   ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,  ԱՀ  Ազգային  ժողովի  փոխնախագահ    Վահրամ  Բալայանը  և   այլք:

Գիտաժողովի արդյունքները կամփոփվեն  սեպտեմբերի 15-ին։  Մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր, որից հետո հյուրերը կմեկնեն  Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանք՝ մասնակցելու  Արցախյան գինու հինգերորդ  փառատոնին: Գիտաժողովին ներկայացված  աշխատանքները   տպագրվելու  են     «Գիտական  Արցախ»  տարեգրքում:  

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>