«

»

Ստեփանակերտում տեղի է ունեցել Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմիյանի անվան գավաթի միջազգային մրցաշարը

ԱՀ նախագահի բարձր հովանու ներքո և ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել հեռացատկի հայազգի լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմիյանի անվան գավաթի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցաշարին ներկա գտնվելու համար Արցախ են ժամանել հեռացատկի Եվրոպայի ութակի և աշխարհի կրկնակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը և հեռացատկի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր (8 մետր 86 սմ), ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և ԱՄՆ-ից, այդ թվում նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը (ԱՄՆ):
Մրցաշարի մասնակիցներին ողջունել և երկրի մարզական կյանքում այն կարևոր իրադարձություն է որակել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մրցաշարը խորհրդանշական է, քանի որ կրում է սպորտի լեգենդար երկու հայ մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթև ատլետիկայի զարգացման գործում՝ մեծ համբավ և պատիվ բերելով հայրենիքին: Նրանց ներկայությունն այսօր առանձնահատուկ իմաստ է հաղորդում անցկացվող մրցաշարին: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել՝ պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և աջակցության համար»,- նշել է Արցախի նախագահը:
Մրցումների եզրափակիչ փուլում տղամարդկանց ու կանանց 100մ, 400մ, 800մ, 1000մ վազքատարածություններում և հեռացատակում առաջին երեք մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի կողմից:

Աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը, ով տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք, կարծում է, որ Արցախում թեթև աթլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի: «Ես այստեղ զգացի մեծաթիվ հանդիսականների աջակցություն: Արցախում թեթև ատլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի, քանի որ արցախցի մարզիկների մոտ տեսնում եմ հաղթանակի մեծ ձգտում և մինչև վերջ անմնացորդ պայքարելու կարողություն: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է և թույլ կտա նրանց ավելի քիչ մարզվելով, մեծ հաջողություններ գրանցել»,-ասել է Ալեքսանդր Դոնիկյանը:

Առաջին անգամ Արցախում գտնվող լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանն էլ ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է. հաջորդ տարի դարձյալ կայցելի Արցախ՝ նման մրցաշարերի կազմակերպմանն աջակցելու համար:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գերատեսչությունների ղեկավարներ, ՊԲ զինծառայողներ և մարզասերներ:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>