«

»

ԱրՊՀ-ում բացվել է Անդրեյ Նույկինի անվան լսարան

Սեպտեմբերի 17-ին ԱրՊՀ-ում բացվեց  ռուս մտավորական  Անդրեյ Նույկինի անվան լսարան:  Գրող-հրապարակախոսը Ղարաբաղյան շարժման տարիներին նվիրվել  է հակամարտության արդարացի և անկողմնակալ լուսաբանմանը՝փորձելով  ինքնորոշվող ժողովրդի ձայնը  հասցնել աշխարհին: Նա ռուս մտավորականության  «Ղարաբաղ»  կոմիտեի հիմնադրման ակունքներում էր:   Թե ինչպես, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, Անդրեյ Նույկինը  1991 թվականի  փետրվարին, մի խումբ մոսկվաբնակ մտավորականների հետ եկավ Արցախ,  Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ չվերթից հետո, կյանքում առաջին անգամ  ականատես եղավ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի պատժիչ գործողություններին, ղարաբաղցիների հետ ենթարկվեց հալածանքների, Նույկինը պատմեց  իր  «Ղարաբաղ՝ իմ ցավ» գրքում:   Այդպես էլ ստիպված հեռացավ՝ մեկ քայլ անգամ չանելով Ստեփանակերտի օդանավակայանից: Մոսկվա վերադառնալուն պես կոմիտեի անդամները՝ գրողներ Նույկինը, Գայդարը, Օսկոցկին, Չերնիչենկոն, Գ.Նույկինան, զայրացած վերապրածից, ստեղծեցին  ռուս մտավորականների կոմիտեն՝ «Ճիչ»-ը, որը խորհրդանշում էր հայ ժողովրդի հոգու ճիչը:

Լսարանի բացման պատիվը տրվեց Նույկինի որդուն՝Պավել Նույկինին և ԱրՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանին: Վերջինս ներկայացրեց  գրողի  գրական ժառանգությունն ու  ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը: Նունե Առաքելյանի  խոսքով՝արդարամիտ մտավորականն  Արցախի համար մի  այնպիսի ժամանակաշրջանում  է նպաստավոր գործունեություն ծավալել, երբ պաշտոնական դեմքերն ու ԶԼՄ-ները ղարաբաղցիներին ահաբեկիչներ էին համարում:  Անդրեյ Նույկինի հայանպաստ գործունեությունն արժևորեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը,  շնորհավորելով  Նույկինի  անվան   լսարանի   բացման  առթիվ, ասաց, որ արցախցիները    միշտ  էլ    մեծ   հարգանքով  ու  երախտագիտությամբ  են  հիշում  ռուս  մտավորականին. «Նա այն մարդկանցից է, ում մասին խոսելիս ասում են՝ իր ժամանակի հերոսը: Նա չկարողացավ անտարբեր մնալ ուրիշի ցավին»:

Միջոցառման     ավարտին   Պավել    Նույկինը  շնորհակալություն   հայտնեց  նախաձեռնության համար,  խոսեց  հայ  և  ռուս  ժողովուրդների  բարեկամության,պատմական  ճակատագրի   նմանության  մասին:  «Սա հրաշալի երկիր է , որի մասին հայրս հաճախ էր խոսում:  Եթե ավելի շուտ հասկանայի նրա ասածները, վստահ եմ, որ ավելի վաղ կսիրեի Արցախը»:  Լսարանի բացմանն աջակցել է  Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Արարողությանը   ներկա  էին  ԱՀ  արտաքին  գործերի   նախարար  Մասիս Մայիլյանը, ԱՀ մարդու  իրավունքների պաշտպան  Ռուբեն  Մելիքյանը,  ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>