«

»

Երդման արարողություն Արցախի պետական համալսարանում

Դառնալ երկրի արժանի քաղաքացի, լավ մասնագետ, բայց նաև չմոռանալ, որ հենց առաջիկա մի քանի տարիներն են լինելու կյանքում ամենահիշարժանը, աշխույժն ու հետաքրքիրը: Արցախի Մայր բուհ հենց նման ակնկալիքով են ոտք դրել  առաջին կուրսեցիները՝ մոտ 350 հոգի: Սեպտեմբերի 18-ին կայացել է  նրանց երդման արարողությունը:  Բուհի ղեկավարության հետ՝ առաջին կուրսեցիներին շնորհավորեցին ու  բարի երթ մաղթեցին նաև  կառավարության ներկայացուցիչները՝ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ու ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Միջոցառումը մեկնարկեց՝ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:  Երդման տեքստն ընթերցելու պատիվը տրվեց  բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Ավանեսյանին:  «Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»,-ասվում է ուսանողների երդման խոսքում:

Առաջին կուրսեցիներին շնորհավորելու եկած նախարարներն ու բուհի ռեկտորը, համոզված լինելով, որ վերջիններս նոր շունչ են տալու համալսարանին, պատվով և արժանապատվությամբ են կրելու Մայր բուհի ուսանողի կոչումը, հերթական անգամ կոչ արեցին չընկրկել գիտելիքներ ստանալու ճանապարհին և ուսումնառությունից քաղել առավելագույնը:  Կրթության  նախարարը հանդիպման վայրը խորհդանշական  համարեց:  Միայն Մայր բուհից յոթուկես տասնյակ ուսանողներ են իրենց կյանքը զոհաբերել հայրենիքի պաշտպանությանը: Նոր սերունդը պետք է հասցնի ուսման մեջ և աշխատանքում կատարել այն, ինչ չհասցրին ավագները:   «Այս սուրբ վայրում երդվել,  նշանակում է պարտավորվել ապրել նաև նահատակված ուսանողների կյանքով, սովորել նրանց փոխարեն, շարունակել նրանց պայքարը և տարբեր ոլորտներում ձեր հաջողություններով ամրագրել նրանց կռած հաղթանակները»,- ասել է Նարինե Աղաբալյանը՝ շեշտելով, որ նրանք շրջադարձային փոփոխությունների ոչ միայն ականատեսը, այլև՝ անմիջական մասնակիցը պիտի լինեն:

Առաջին կուրսեցիների մուտքը Մայր բուհ նման միջոցառումներով նշանավորելն ԱրՊՀ ռեկտորը պատահականություն չի համարում, ինչպես և պատահականություն չէ երդումն ինքնին:  «Լիահույս եմ, որ այն երդումը, որ հնչեցրիք այս սուրբ վայրում, կուղեկցեն ձեզ ուսումնառության ողջ ընթացքում: Կհիշեք, որ միայն աշխատանքը և կրթությունը կարող են մարդուն գեղեցկացնել և ընդունելի դարձնել հասարակության համար»,-ասել է ռեկտորը՝ երաշխավորելով, որ համալսարանի կոլեկտիվը միշտ աջակից է լինելու, որպեսզի ուսումնառության ընթացքում նրանք ստանան լիարժեք գիտելիքներ և ձևավորվեն իբրև քաղաքացի: Շնորհավորանքի և բարեմաղթանքի ուղերձներից հետո ԿԳՍ և ՄԵՀԶ նախարարներն ու ռեկտորն  ուսանողական գրքույկներ և տոմսեր են հանձնել ընդունելության արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած առաջին կուրսեցիներին:

Արարողությունը եզրափակվել է խորհրդանշական՝ «Երդմանը հավատարիմ» խորագրով պար- բեմադրությամբ՝ համահունչ օրվան և հանդիպման վայրին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>