«

»

Ազոխը նորակառույց դպրոց ունի

Սեպտեմբերի 28-ին ԱՀ Հադրութի շրջանի Ազոխ համայնքում տեղի  ունեցավ  դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, հյուրեր։

Ժամանակակից չափանիշներին համապատասխան եռահարկ նորակառույց դպրոցի շենքը նախատեսված է  240 աշակերտի համար։ Առկա են լաբորատորիաներ, համակարգչային կաբինետ, գրադարան, դահլիճ՝կենտրոնացված ջեռուցման համակարգով։ Ընթացքի մեջ է  մարզադահլիճի շինարարությունը։

Հանդիսավոր միջոցառմանը  ելույթով հանդես եկավ  Ազոխի դպրոցի տնօրեն Իլյաս Պողոսյանը։ «Մենք գիտակցում ենք, թե ինչ է  նշանակում պատերազմող երկրի սուղ բյուջեից 600 մլն դրամից ավելի գումար  հատկացնել այսպիսի շենքի կառուցման համար։ Դա ևս մեկ վառ ապացույց  է  կրթական համակարգի նկատմամբ պետության  ցուցաբերած ուշադրության և հոգատարության»,-մասնավորապես ասել է դպրոցի տնօրենը՝երախտագիտություն հայտնելով երկրի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել դպրոցի կառուցմանը։

ԱՀ ԿԳՍ  նախարար Նարինե Աղաբալյանն օրը պատմական որակեց բոլորի համար, քանզի Արցախում հանդիսավորությամբ բացվում է ևս մեկ նորակառույց և մեկ հավաստիք, որ դպրոցաշինությունը, երեխաների համար կրթության լավագույն պայմանների ստեղծումը  շարունակում են մնալ մեր երկրի ղեկավարության սահմանած առաջնահերթությունների  շարքում՝ անկախ խնդիրներից և ժամանակի առաջադրած մարտահրավերներից։  «Եվ  միանգամայն հասկանալի է ազոխցիների, հատկապես ուսուցիչների և աշակերտների ուրախությունը, որովհետև նրանց նախորդներն այսպիսի հրաշալի դպրոցի մասին տասնամյակներով են երազել»,-ասել է Նարինե Աղաբալյանն՝ընդգծելով կրթական հրաշալի պայմաններ ունեցող դպրոցում երեխաներին՝խոր ու կայուն գիտելիքներ տալու ուսուցիչների նպատակաուղղված  աշխատանքի անհրաժեշտությունը։ «Գիտությունը պատմական Դիզակի այս հրաշագեղ բնակավայրից շատ մոտ է․Ազոխի քարանձավը վաղուց հանգիստ չի տալիս աշխարհի գիտնականներին, ովքեր լուրջ հիմքեր ունեն կարծելու, որ այս փոքրիկ հողակտորը Երկիր մոլորակի այն կետերից է, որտեղից սկիզբ է առնում մարդկության ծագման և քաղաքակրթության պատմությունը, և գիտական հետաքրքրությունը  ոչ միայն  չի մարում, այլև տարիների հետ  ավելանում է։ Ժամանակն է, որ ազոխցին էլ  լուրջ մասնակցություն ունենա այդ հետազոտություններում և դպրոցում պատրաստվեն վաղվա գիտնականները»,-ասել է կրթության ոլորտի պատասխանատուն։

Հադրութի շրջանի հոգևոր հովիվ տեր Մաթևոս քահանայի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ։ Այնուհետև,  ԿԳՍ նախարարի  ուղեկցությամբ, հյուրերը ծանոթացան դպրոցի պայմաններին։  Միջոցառման ավարտին  երգ ու պարով հանդես եկան Ազոխի շնորհաշատ դպրոցականները։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>