«

»

Խաչենում բացվել է Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի անվան թանգարան

Հոկտեմբերի 1-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու  ԱՀ գրողների միության համատեղ նախաձեռնությամբ, Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի Ղազարոս Աղայանի անվան դպրոցում տեղի է ունեցել արմատներով խաչենցի գրականագետ-ակադեմիկոսներ Սերգեյ Սարինյանի և  Սևակ Արզումանյանի անվան թանգարանի բացման արարողությունը:  Թանգարանի բացման պատիվը  տրվել  է  Սերգեյ  Սարինյանի  դուստր  Մանե   Սարինյանին  և  Խաչենի  դպրոցի  տնօրեն   Համեստ  Հայրապետյանին:  Ակադեմիկոսներին   վերաբերող  ցուցանմուշներն  ԱՀ գրողների միության նախագահը  ձեռք   է  բերել  նրանց  հարազատներից:  Շնորհավորելով  ներկաներին՝  Վարդան  Հակոբյանն ասել  է, որ  այդ  կերպ    ոչ  միայն  վառ կպահվի  անվանի  գրականագետների հիշատակը, այլև   նորօրյա   սերունդը   կձգտի   ընդօրինակել իրենց համագյուղացի  մեծերին:

ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանի   խոսքով՝   այսուհետ      Խաչենի   դպրոցականները   պետք  է   ականջալուր  լինեն   Սերգեյ   Սարինյանի  և   Սևակ  Արզումանյանի     լուռ   դասին:  «Այս  թանգարանը  զարգացման  միտում  ունի. այն առաջիկայում      կհամալրվի  նոր   ցուցանմուշներով:  Այսուհետ   նաև  այս  կրթօջախում   կազմակերպվող   տարբեր   հանդիպումները, գրական  քննարկումները  կդառնան   այս   դպրոցի  առօրյան:   Պետք  է   գիտակցենք, որ   նրանց   շնորհիվ    է  նաև, որ  բանուկ  է  դեպի  հայրենի  Խաչեն    գյուղ  տանող     ճանապարհը»,-մասնավորապես   ասել է    Նարինե  Աղաբալյանը:

Թանգարանի բացումն իր խոսքում կարևորել  է ԱՀ ՄԵՀԶ  նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  հայ  գրականության մեջ գրականագետների  դերի  մասին  է  խոսել  ՀՀ  գրողների    միության  նախագահ   Էդվարդ  Միլիտոնյանը: Գրող Սոկրատ Խանյանն իր՝  Սերգեյ  Սարինյանին  նվիրված   «Հայ  գրականության   գերաստղը»  գիրքն է   հանձնել    թանգարանին:

Բացման արարողությունից հետո  դպրոցում    կայացել  է   Սերգեյ  Սարինյանի «Հայոց   գրականության  երկու  դարը» 7-րդ   հատորի  և   Գրիգոր  Նարեկացի   համալսարանի  դասախոս, բանասիրական  գիտությունների  թեկնածու  Ամալյա  Գրիգորյանի  «Բառը   ժամանակի  զուգահեռականներում»  ու   «Գեղագիտությունը և  բանաստեղծությունը. Սարինյանի  հետ»   ժողովածուների   շնորհանդեսները:

Միջոցառման  ավարտին ներկաները  Խաչենի  Ս. Ստեփանոս   եկեղեցում մոմավառություն են կատարել անվանի ակադեմիկոսների  հիշատակին:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>