«

»

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի  ողջույնի խոսքը՝ N 9 դպրոցի վերաբացման առիթով

Ընդամենը 4 օր առաջ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում բացվեց պետական միջոցներով հիմքից կառուցված նոր դպրոցը, այսօր Արցախի մայրաքաղաքում հանդիսավորությամբ վերաբացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով «Թրփանջյան» ընտանիք  հիմնադրամի  և Արցախի պետության համաֆինանսավորմամբ հիմնանորոգված Ստեփանակերտի N  9 հիմնական դպրոցը:

Դպրոցաշինությունն այն ծրագրային ուղղություններից է, որին զինադադարի հաստատումից ի վեր անշեղորեն հետևում են Արցախի իշխանությունները,  այդ նպատակի համար միավորելով պետական և բարեգործական միջոցները:

Միայն վերջին 7 տարիներին Արցախում շուրջ 100 դպրոց և նախադպրոցական հաստատություն է կառուցվել կամ վերանորոգվել: Դրանցից 20-ը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերով:

Ի դեպ, ուզում եմ առիթն օգտագործել և շնորհավորել Հայկակ Արշամյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հիմնադրամի և սփյուռքահայ մեր հայրենակիցների անձնական ներդրումների շնորհիվ,  հազարավոր արցախցի երեխաներ սովորել և սովորում են բարեկարգ,  ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում, լուսավոր ու գեղեցիկ կահավորված դասասենյակներում: Շատերն էլ դեռ հույսով սպասում են իրենց հերթին, սպասում են հավատալով, որ մի գեղեցիկ օր նաև իրենց դպրոցն է տոնելու վերաբացումը: Ճիշտ այնպես, ինչպես այսօր Ստեփանակերտում:  N 9 դպրոցի  ուսուցիչները տասնամյակներով են երազել այս օրվա մասին, իսկ աշակերտների համար սա պարզապես հեքիաթ է, հեքիաթ,  որն իրականություն է դարձել պետական հոգածությամբ, ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյանի և իր ընտանիքի մեծ աջակցությամբ:  Թրփանջյան ընտանիքը, մեր այն բարերարներից է, որը հետևողականորեն սատարում է Արցախի իշխանություններին՝ առկա հիմնախնդիրները լուծելու, զարգացման հեռանկարներ բացելու ճանապարհին: Հիմնադրամի շնորհիվ  Արցախում ու մայր Հայաստանում արդեն իսկ իրականացվել են տասնյակ բարեգործական ծրագրեր, որոնցից օգտվել և օգտվում են հազարավոր  շահառուներ հայկական երկու հանրապետություններում: Այդ ծրագրերը գործում են զուգահեռ:  Արցախում գյուղական համայնքների զարգացման  ու դպրոցաշինության ծրագրերին զուգընթաց, վերջին ամիսներին մեկնարկել է ևս մեկ ծրագիր՝ Արցախի պետական համալսարանի վերակառուցման ծրագիրը, ինչը Արցախում  նաև մասնագիտական կրթության բարեփոխման երաշխիքներից է:

Խորհրդանշական է, որ Արցախի մայր բուհի նախկին աստղադիտարանը N 9 դպրոցի հիմնանորոգումից հետո տեղափոխվել և տեղադրվել է հենց այս  շենքում՝ աստղերին նայելով երազելու և երազանքներին հասնելու ձգտումն ու հնարավորությունը մատչելի դարձնելով մեր երեխաներին: Այդ երազանքների մեջ հաստատ լինելու է նաև Ջերալդ Թրփանջյանին և մեր մյուս բարերարներին նմանվելու ցանկությունը, հայրենիքին սատար կանգնելու, անձնվեր ծառայելու ազնիվ մղումը:

Ուրեմն, թող այդ տեսակը մեր մեջ շարունակական լինի: Եվ թող երիցս օրհնվեն բոլորը, ովքեր բարին են արարում, ովքեր բարձր են պահում հայի անունը աշխարհում:

Այդպիսի հայի մենք կորցրեցինք այս օրերին: Շառլ Ազնավուրին աշխարհը կորցրեց: Իսկ մեծանուն հայն ինքը, անգամ հեռանալով, նորից միավորեց բոլորիս, աշխարհի հայերին:

Հենց նրանց եմ ուզում ուղղել խոսքս.

Սիրելի քույրեր ու եղբայրներ, սիրելի հայրենակիցներ,

Վստահ եղեք, որ Ձեր կողմից Արցախի սուրբ հողին ի պահ տրված յուրաքանչյուր սերմ ծիլ է տալիս,  պտուղ է տալիս: Վկայությունն այս դպրոցը և այս երեխաներն են, վկայությունն այն զարմանքն է, որ ապրում է յուրաքանչյուր ոք՝ ոտք դնելով Արցախ և ավերակների փոխարեն տեսնելով ծաղկող երկիր, տեսնելով ժպիտ մարդկանց դեմքերին և լեռների մեջ թևածող անկոտրում ոգի:

Հիշեք ու հավատացեք. մեր միասնությունն ապահովեց հայոց պետականության վերստեղծումը: Մեր միասնությունն էլ պետք է ապահովի հզոր միացյալ հայրենիքի գաղափարի իրագործումը:

Շնորհակալություն Ձեզ: Բարի ընթացք և մեծ հաղթանակներ մեզ բոլորիս:

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>