«

»

Վերաբացվել է Ստեփանակերտի N 9 հիմնական դպրոցը

Հոկտեմբերի 3-ին,  հանդիսավոր պայմաններում վերաբացվել է  Ստեփանակերտի Հովհ․Թումանյանի անվան  N 9 հիմնական դպրոցը: Կրթօջախը հիմնանորոգվել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոսանջելեսաբնակ Թրփանջյան ընտանիքի Կրթական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ, պետական այրեր, հյուրեր:

Մանկավարժների,  աշակերտների  և ծնողների անունից  Ջերալդ Թրփանջյանին և իր ընտանիքին երախտագիտության խոսք է  հղել դպրոցի տնօրենը։ «Հնարավոր չէ համեմատության եզրեր անցկացնել հին և նոր դպրոցական շենքերի միջև: Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ ընթացել են նաև ուսումնական պարապմունքները: Վստահեցնում ենք՝ ուսումնական գործընթացը երբևիցե չի տուժել: Արդյունքում մենք ունեցանք հիմնանորոգված կրթօջախ՝ ժամանակակից կահավորումով, որը կշարունակի մնալ դարբնոց մատաղ սերնդի կրթության և դաստիարակության համար»,- ավելացրել է Արթուր Անտոնյանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում  նշել է, որ դպրոցաշինությունն այն ծրագրային ուղղություններից է, որին զինադադարի հաստատումից ի վեր անշեղորեն հետևում են Արցախի իշխանությունները՝ այդ նպատակի համար միավորելով պետական և բարեգործական միջոցները: «Միայն վերջին 7 տարիներին Արցախում շուրջ 100 դպրոց և նախադպրոցական հաստատություն է կառուցվել կամ վերանորոգվել. դրանցից 20-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերով: Հիմնադրամի և սփյուռքահայ մեր հայրենակիցների անձնական ներդրումների շնորհիվ հազարավոր արցախցի երեխաներ սովորել և սովորում են բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում, լուսավոր ու գեղեցիկ կահավորված դասասենյակներում»,- ընդգծել է  Նարինե  Աղաբալյանը:

Հանդիսավոր միջոցառմանը  ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ երկրի կայունության, զարգացման և իրական անկախության համար մեզ բոլորիս անհրաժեշտ են լուրջ կրթություն և գիտելիքներ․«Ուրախ եմ, որ գործադիր տնօրենի պաշտոնում իմ առաջին այցն Արցախ համընկել է դպրոցի բացման հետ: Կարծում եմ՝ կրթօջախներն ունեն հայապահպան նշանակություն: Դպրոց ունենալով՝ տեղի բնակչությունը ստանում է կրթություն և հետագայում ամրանում իր հողին: Կատարված աշխատանքները գնահատում եմ բարձր: Շնորհակալություն եմ հայտնում նաև բարերար ընտանիքին և ԱՀ կառավարությանը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ ատենապետ Մարիա Մեհրանյանն էլ շեշտել  է, որ   օրը նվիրված է կրթօջախի սաներին, քանի որ նրանք պետք է կրթվեն ու դնան ազգի հպարտությունը:

Միջոցառմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի ատենապետ Մարիա Մեհրանյանը և դպրոցի տնօրեն Արթուր Անտոնյանը դպրոցի բակում եղևնիներ են տնկել՝ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդանիշ:

 

Այնուհետև հիմնադրամի գործադիր տնօրենը բարերարի ընտանիքին է հանձնել դպրոցի մանրակերտը: Դպրոցի անունից շնորհակալագրեր և նվերներ են ստացել բարերար ընտանիքն ու Հայկակ Արշամյանը: Դպրոցի օծման կարգից հետո միջոցառման մասնակիցները շրջել են կրթօջախում, ծանոթացել ժամանակակից չափանիշներով վերակառուցված դպրոցի նոր պայմաններին: Աշակերտներն էլ  հյուրերին ողջունել են ցուցադրական պարապմունքներով։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>