«

»

Փոխըմբռնման հուշագիր` ԱՀ ԿԳՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջև

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության  ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև վերաստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր՝ սահմանելով կողմերի գործընկերության բովանդակությունն ու շրջանակն առաջիկա տասը տարվա  համար։

Հուշագիրը, մասնավորապես, ուղղված է հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ և բանիմաց կադրերի ներգրավմանը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության ու կուտակված միջազգային փորձի կիրառման հասանելիությանը։ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության անունից հուշագիրը ստորագրեց նախարար Նարինե Աղաբալյանը, իսկ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից՝ տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ Նախարարության և  հիմնադրամի համագործակցության նպատակն է շարունակել համատեղել ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակիցներն ապրում և դասավանդում են Արցախի տարբեր գյուղերում։ Նախորդ տարվա չորս մասնակցին այս տարի միացան ևս տասներեքը։ Հայտնի է, որ Արցախի հեռավոր գյուղերում կա մասնագետների կարիք, որը լրացնելու ուղղությամբ Նախարարությունն  ակտիվ ջանքեր է գործադրում, և այդ առումով «Դասավանդի՛ր, Հայաստան»–ը հանդիսանում է առաջնային գործընկեր, քանզի ոչ միայն ապահովում է երիտասարդ առաջադեմ մասնագետների ներգրավումը, այլև այս մասնագետների միջոցով Արցախի հեռավոր շրջանների  աշակերտներին հաղորդակից դարձնում դասավանդման առավել առաջադեմ և երեխայակենտրոն փորձին: Նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հայտնաբերվել են ամենակարիքավոր դպրոցները, որտեղ արդեն գործուղվել են մասնագետներ, շարունակական աշխատանքի շնորհիվ տարեցտարի այդ թիվը կմեծանա, ինչի արդյունքում ավելի շատ աշակերտ ներգրավված կլինի ծրագրի աշխատանքներում։

««Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս  մեր  դպրոցները համալրել նոր սերնդի ուսուցիչներով, ովքեր կարողանում են փոփոխություն մտցնել ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև համայնքային կյանքում: Եվ այս փորձը կարող է տանել նաև դեպի կրթության համակարգային փոփոխություն»,-ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար  Նարինե Աղաբալյանը:

«Արցախը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, մենք արդեն չորրոդ տարին է, ինչ մասնագետներ ենք գործուղում Հայաստանի տարբեր մարզեր, բայց մուտքն Արցախ առանձնակի ենք կարևորում։ Լիահույս եմ, որ ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,-նշել է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի  հիմնադիր և  ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի  ծրագրի գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը, Արցախի տարածաշրջանի  ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ԱՀ  ԿԳՍ  նախարարության   ներկայացուցիչներ:

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>