«

»

Ներառական կրթության վերաբերյալ քննարկում՝ ԱՀ ԿԳՍ նախարարությունում

Հոկտեմբեր 8-ին  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի   Առաջնորդության   զարգացման    ղեկավար   Մանուկ  Խաչատրյանը  ներկայացրել  է     «ԱՀ  ներառական  կրթության իրականացման  գնահատում  և  կազմակերպման  արդյունավետության  բարձրացման   առաջարկություններ»  թեմայի   շուրջ  իր  կատարած   վերլուծությունը, ըստ որի Արցախում   հատուկ կարիք  ունեցող  երեխաների թիվը  474  է, որը   համեմատելով   ընդհանուր  աշակերտների  թվի   հետ,    վատ ցուցանիշ  չէ:   Ի  դեպ,  ԱՀ-ում  գործող  Քերոլայն  Քոքսի   անվան  վերականգնողական   կենտրոն   են   հաճախում    0-18  տարեկան  հատուկ կարիք  ունեցող   շուրջ  200  երեխաներ։ Մանուկ  Խաչատրյանի խոսքով՝կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է համարվում այն երեխան, ով ունի ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման, ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ, ում   հանրակրթական հիմնական ծրագրերը  յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ: «Հայաստանում  և  Արցախում   սկսվել է ուսուցչի օգնականի հաստիքներ ստեղծելու գործընթաց: Այդ  հաստիքը համընդհանուր ներառական կրթության անցնելու բաղադրիչներից է, որը սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքով: Ուսուցչի  օգնականն    ուսուցչին աջակցություն պետք է ցուցաբերի առաջին հերթին հայտնաբերելու համար   այն երեխաներին, որոնք այս կամ այն պատճառով չեն հասցնում հանրակրթական ծրագիրը: Նախատեսվում է   համընդհանուր ներառման գործընթացն   ավարտին հասցնել մինչև 2025 թվականը, ինչը նշանակում է, որ տարբեր խնդիրներով երեխաներն արդեն պետք է սկսեն սովորել հանրակրթական դպրոցներում: Այդ  երեխաներին    պիտի  աջակցեն  սոցիալական մանկավարժը, հոգեբանը, ուսուցչի օգնականը»,-մասնավորապես  ասել  է  զեկուցողը։

Կարևորելով  ներառական կրթության   նշանակությունը՝   քննարկմանը  ներկա   ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն  ասել  է, որ  պետք    է   լուրջ   ուշադրություն  դարձնել  ներառական  կրթության    օրենսդրական հիմքերին, ինչպես  նաև    նրա   արդյունավետության  բարձրացմանը: «Հասարակության   յուրաքանչյուր  անդամ  պետք է  պատրաստ  լինի  ներառելու  հատուկ  կարիք  ունեցող  երեխաներին:  Ներառական  կրթության   ներդրման  համար  անհրաժեշտ  են    նաև  դպրոցների ֆիզիկական միջավայրի հարմարեցումը, տեխնիկական սարքավորումների առկայությունը, աշակերտների կրթական կարիքներին համապատասխան պարագանների  ձեռբերումը   և  այլն»,-նշել  է  Նարինե   Աղաբալյանը:

Քննարկմանը   ներկա  էին  նաև   գնահատման  և  թեստավորման   կենտրոնի (ԳԹԿ)  տնօրեն  Յուրի  Քարամյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի  ներկայացուցիչներ, ԱՀ  ԿԳՍ նախարարության   ներկայացուցիչներ, ովքեր   հանդես  են  եկել  հարցադրումներով  և  առաջարկություններով:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>