«

»

Երազանքն՝ իրականություն. Ուղտասարը նորակառույց դպրոց ունի

Նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը,որին  ներկա էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ ) նախարար Նարինե Աղաբալյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Երկհարկանի նորակառույցն ապահովված է մարզադահլիճով ու առարկայական կաբինետներով: 2002 թվականի սեպտեմբերի 1-ից գործող կրթական հաստատությունում սովորում է 39 աշակերտ: Կրթօջախն այսուհետ կրելու է ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Մենթո Մելքոնյանի անունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի  տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը դիմելով ներկաներին ասել է, որ  իր համար մեծ ուրախություն և պատիվ է ներկա գտնվել հերթական կրթօջախի բացման արարողությանը: «2016 թվականի մայիսին, երբ առաջին անգամ այցելեցի Ուղտասար, եկել էի տեսնելու համայնքային կենտրոնի շենքը և նորը կառուցելու գաղափարի մասին հայտնելու: Սակայն, տեսնելով դպրոցի անմխիթար վիճակը, մենք որոշեցինք կառուցել նոր դպրոց: Այսօր դպրոցականներին իր ողջույնն է ուղարկել Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Մելքոնյանը, ով ցանկություն է հայտնել, որ Ավոյի անունը կրող դպրոցում նրա նվիրումն ու ոգևորությունը ուղեկցի բոլորին: Շուտով նա ևս կայցելի այստեղ»,- մանրամասնել  է  բարերարը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ այս ուսումնական տարում Արցախում բացվել է երրորդ դպրոցը, որից երկուսը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: «Այդ շարքի մեջ առանձնահատուկ կարևորություն ունի Ուղտասարի միջնակարգ դպրոցը, քանի որ այն կոչված է ամրացնելու Արցախի սահմանը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Տորոնտոյի տեղական մարմնին և մեզ համար հարազատ դարձած Մկրտիչ Մկրտիչյանին, ով բոլոր այս տարիներին եղել է մեր կողքին և անում է հնարավորը, որպեսզի օր առաջ թեթևացնի Արցախի հոգսերը: Մեր մեծ զորավարի ծննդյան տոնին ընդառաջ ավելի արժանապատիվ նվեր չէր կարող լինել, քան դպրոցը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելը: Այսուհետ այս դպրոցում հայ մանուկները պետք է սովորեն հայոց այբուբենը, հայրենասիրության դասերն առնեն սիրելի Ավոյի խիստ ու բարի հայացքի ներքո»,- նշել է Նարինե  Աղաբալյանը:
Ուղտասար համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայրենանվեր գործունեության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին է շնորհվել Ուղտասարի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ դպրոցի հարակից տարածքից անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերվել է  4000 մետր հողատարածք:
Տոնի կապակցությամբ  Ուղտասարի դպրոցականները  գրենական պիտույքներով  լի պայուսակներ են նվեր ստացել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>