«

»

Համագործակցության հուշագիր․ հեռանկարում Արցախի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների համագործակցությունն է

Նոյեմբերի 14-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի շնորհանդեսը:  Հանդեսն   սկսել  է  լույս տեսնել  1970 թվականից: 1991  թվականից  մինչ  այսօր, յուրաքանչյուր    տարի  հրատարակվում  է  մեկական  հատոր, այս  տարի հանրությանն է ներկայացվել  թվով  38-րդը: Այն Սփյուռքի  մեջ  լույս  տեսնող      հայատառ   միակ  հայագիտական  տարեգիրքն  է, որն  արևմտահայերեն  դասական  ուղղագրությամբ  հրապարակում է  հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ: Հանդեսի հետ աշխատակցում  են Հայաստանի, Սփյուռքի և օտարազգի հայագետներ, տպագրվում են նաև   Արցախի   պրոֆեսորների, դոցենտների   գիտական  հոդվածները։

Միջոցառման    ընթացքում  Արցախի   պետական  և  Բեյրութի  Հայկազյան  համալսարանների  միջև   կնքվել  է   համագործակցության   հուշագիր, որի հիմնական  նպատակներն  են   համատեղ   գիտահետազոտական   նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, դասախոսությունների  վարումն  ու  հեռավար  ուսուցումը։

Բեյրութի   Հայկազյան    համալսարանը  ստեղծվել  է 1955  թվականին   և   նպատակ  ունի հայապահպանման  գործընթացը   խթանելու   ոչ  միայն  Լիբանանում, այլև  ամբողջ  Առաջավոր  Ասիայում: Հայկազյան  համալսարանում   այսօր սովորում են    շուրջ   600 ուսանողներ:

Միջոցառմանը  ներկա  Բեյրութի  Հայկազյան  համալսարանի  նախագահ  Փոլ  Հայդոսթյանն  ասել է, որ  ինքը  նախորդ  այցերի  ընթացքում  է   ծանոթացել    Արցախի  հետ: «Շատ  վաղուց  ենք   համագործակցում  ԱրՊՀ-ի  հետ, բայց  այս  անգամ    այն  դարձրինք  փաստաթղթային, որի  նպատակն  է  համատեղ  գիտաժողովների  կազմակերպումը, ուսանողների   փոխայցելությունները: Երկու բուհերի  համար էլ համագործակցությունը  պետք  է  իր  դրական ազդեցությունն  ունենա»,-հույս է հայտնել    Փոլ Հայդոսթյանը:

ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը կարևորել է  նման  հանդիպումները՝  Արցախի  պետական  և Բեյրութի    համալսարանների  միջև  համագործակցության ամրապնդման առումով:  «Անուրանալի  է  Հայկազյան  հայագիտական   հանդեսի   դերը  հայ  ինքնության   պահպանման    և  հայագիտության   զարգացման   գործում: Այն  ստեղծվել  է  Հայոց  ցեղասպանությունից  40  տարի  անց,  այն   ժամանակ, երբ  թուրքի  յաթաղանից  մազապուրծ  եղած  հայությունն  առաջին  անգամ  զգացել  է  ուծացման   վտանգը: Այդ  տարիներին  շատ    կարևոր  էր  այն նվիրյալների  արածը, ովքեր  հիմնադրել  են հայկական   դպրոցներ,  վարժարաններ, հրատարակել   պարբերականներ: Ցանկալի կլինի, եթե   տարեգրքում  հաճախակի  տեսնենք  արցախցիների  գիտական  հոդվածները»,-նշել  է  Նարինե  Աղաբալյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, «Հայկազյան  հայագիտական  հանդես»-ի  խմբագիր  Անդրանիկ   Դաքեսյանը, Բեյրութի  Հայկազյան  համալսարանի  ներկայացուցիչներ,  ԱրՊՀ  դասախոսներ, ուսանողներ։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>