«

»

«Արցախն ինքնորոշման համար մղվող մարտերում 1918-1920 թթ» թեմայով գիտական սեմինար-քննարկում՝նվիրված Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին

Դեկտեմբերի 4-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարության, Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատմության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Արցախի  գիտական կենտրոնում  տեղի է ունեցել «Արցախն ինքնորոշման համար մղվող մարտերում 1918-1920 թթ.» թեմայով գիտական սեմինար-քննարկում՝ նվիրված Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին։

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը քննարկումը  կարևորել  է պատմական իրադարձություններից դասեր քաղելու առումով. 20-րդ դարի 80-ականներին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը հիշեցնում է հայ ժողովրդի ուժեղ կողմերը, թշնամու առաջ երբեք գլուխ չխոնարհելու, միաբանվելու  և  ռազմարվեստի փայլուն դասեր  տալու կարողությունը: «Հայկական   պետականության համար  կարևորագույն  փուլ  ենք  թևակոխել  և  այստեղ  շատ  կարևոր  է, թե  ինչ   հետևություններ  ենք  արել  անցյալի  դասերից, ինչքանով         ենք     գիտակցում   պահի   լրջությունը և  յուրաքանչյուրիս պատասխանատվությունը: Այդ  իրադարձություններն  ահազանգում  են  մեզ, թե  ինչը  կարող  է  խոցելի  դարձնել    ներքին  անհամաձայնությունն  ու  քաղաքական  ուժերի  բախումներն  ու պառակտումը:  Ակնկալում  եմ, որ  այս  գիտական    սեմինարը  ոչ միայն    լույս     կսփռի  մեկդարյա  հիշողություն  ունեցող  անցքերի  վրա, այլև  կուրվագծի  ապագայի  տեսլականը: Այն, թե  ինչպես    պետք    է  դիմագրավենք  ներքին ու արտաքին  մարտահրավերներին»,-հավելել  է  Նարինե  Աղաբալյանը:

Քննարկման մասնակից պատմաբաններն ու քաղաքագետներն  այսօրվա խնդիրների հիմքերը, նաև լուծումները տեսնում են հարյուրամյա իրադարձությունների համատեքստում:  Ալեքսանդր Մանասյանն ընդգծեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունը  խորհրդային տարիների վերջին չի սկսվել:  «Ադրբեջան-Արցախ  դիմակայության    առնվազն  3  փուլ   կարելի է  առանձնացնել՝  նախախորհրդային, խորհրդային  և  հետխորհդային: Եթե  մենք  շեշտադրումները  դնում  ենք  միայն վերջին  30 տարվա  վրա, ապա  մեր հակառակորդը  հնարավորություն  է  ստանում      խեղաթյուրելու  նույնիսկ   այդ  էտապի  փաստերը:  Եթե   հարցը  քննում  ենք   երեք  փուլերի   համատեքստում,     ստանում  են    մի  շարք  հարցեր,   որոնք դառնում են վիճարկելի:  100  տարվա    ընթացքում  չեն    փոխվել  ոչ  հակամարտության  կողմերը, ոչ  դրանց  նպատակները»,-մասնավորապես  ասել է   Ալեքսանդր  Մանասյանը:

Խոսելով  Մսմնայի  ճակատամարտի   մասին՝  Շուշիի  «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Մհեր   Հարությունյանն  ասել  է, որ     արդեն  մեկ  դար է   ինչ ավելի   մեծ  հետաքրքրություն  է   առաջանում   Արցախի Մսմնա  գյուղի  մոտ  1918  թվականի  հոկտեմբերին  տեղի  ունեցած   ճակատամարտի   շուրջ: Նա կարևորել է ինքնապաշտպանության   հերոսական  էջերը  լուսաբանելն ու  հանրությանը    ներկայացնելը:

Սեմինարին  ԱՀ  Ազգային  ժողովի  փոխխոսնակ  Վահրամ  Բալայանը   հանդես  է  եկել «Արցախի  պետականության  վերականգնմանն  ուղղված  երկրամասի  քաղաքական  ուժերի  քայլերը  և  դրանց  արդյունքները»  թեմայով:

Բանախոսն  անդրադարձել  է   1918-1920  թվականների՝  այդ  բախտորոշ    ժամանակաշրջանի  քաղաքական  ուժերի, ազգաբնակչության  լիազոր   ներկայացուցիչների  ձեռնարկումներին, իրավական  խնդիրներին:

Արցախի  գիտական  կենտրոնի  տնօրեն  Ստեփան  Դադայանը  միջոցառման  վերջում   ասել  է, որ    իրենց  կառույցի  կողմից  Մսմնայի  ճակատամարտի  վերաբերյալ   փաստահավաք   աշխատանքներ   կիրականացվեն    և կհրատարակվեն:

Միջոցառմանը   ներկա  էին   ԱՀ  ազգային   ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, Արցախի   գիտական  կենտրոնի  անդամներ, հյուրեր:  

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>