«

»

Մարտահրավերներն ընդունենք՝ որպես նոր հնարավորություններ.տեղի է ունեցել Արցախի ԿԳՍ նախարարի մամլո ասուլիսը

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի  (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանի մամլո ասուլիսը: ԿԳՍ Նախարարի խոսքով՝ 2018-ը  ոլորտային խնդիրների ուսումնասիրության, համակարգային մոտեցումների հստակեցման, նոր լուծումների նախանշման, նոր ծրագրերի նախապատրաստման տարի էր: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել կրթության բոլոր օղակների ուսումնասիրման, խնդիրների վերհանման, ներառական կրթության, նախնական տեխնոլոգիական կրթության և կրթական տեխնոլոգիաների ներդրման, գործընկերության  ընդլայնման  ու նոր ռազմավարության մշակման ուղղությամբ: Մշտադիտարկման առանցքում էր մանկապարտեզների գործունեությունը, ինչի արդյունքում վերհանվել են նախադպրոցական կրթության խնդիրները, ցուցաբերվել է մեթոդական աջակցություն:

 Կրթություն

Ակտիվացվել են աշխատանքները նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Մասնավորապես,

-«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ, կենտրոն հաճախող երեխաների թիվն ավելացել է 350-ով՝հասնելով 1250-ի:

-Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքվել է հուշագիր, որի շրջանակներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Ստեփանակերտի N  3 դպրոցներում:

-Մի շարք դպրոցներ, բարեգործական խողովակներով, համալրվել են համակարգչային տեխնիկայով և այլ գույքով:

-Արտաբյուջետային միջոցներով վերապատրաստման դասընթացներ են իրականացվել հանրապետության շուրջ 70 դպրոցների Ինֆորմատիկայի ուսուցիչների համար:

– Ֆիզիկայի Եվրոպական ասոցիացիայի անդամ «Yerevan Young Minds» նախագծի անդամների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է  «Artskh Young Minds»-ը՝ անդամագրվելով միջազգային ասոցիացիային, ինչը հնարավորություն կտա Արցախը ներկայացնել գիտական միջավայրում:

– Ճանաչված ֆիզիկոս, պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինի նախաձեռնությամբ և Հայ-ռուսական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ձեռքբերումներն ու զարգացման միտումները» գիտաժողովը՝ 50-ից ավելի հեղինակավոր գիտնականների և ֆիզիկայի ուսուցիչների մասնակցությամբ:

-Ստեփանակերտում ՏՏ դպրոցի ստեղծման աշխատանքների մեկնարկն է  տրվել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով, «Թրփանջյան» հիմնադրամի հովանավորությամբ:

-ԱՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ 9-րդ դասարանցիների համար կազմակերպվել է «Մասնագիտական կողմնորոշում» ծրագիրը: Շուրջ 2000 աշակերտ հնարավորություն են ունեցել ծանոթանալու նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հնարավորություններին:

 

-Բարեգործական միջոցներով անհրաժեշտ մարզագույք է ձեռք բերվել 52 դպրոցների համար:

-Ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության անցման խնդիրները: Մասնավորապես, «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվել են համապատասխան դասընթացներ շահագրգիռ շրջանակների ներկայացուցիչների և դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների մասնակցությամբ: Գործնական քայլեր են ձեռնարկվել Ստեփանակերտում Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ստեղծման ուղղությամբ:

-Մրցութային կարգով համալրումից բացի, կրթության համակարգում նոր սերնդի ուսուցիչների ներգրավման և նոր որակի կրթության ապահովման նպատակով հուշագիր է ստորագրվել «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ, ինչի արդյունքում Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների 12 դպրոցներում ու Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում աշխատանքի են ընդունվել 13 ուսուցիչներ, ովքեր ակտիվ ներգրավվել են համայնքների զարգացման ծրագրերին:

Ամառային հանգստի կազմակերպման ծրագրում նորություն էր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպված Պատարայի վրանային ճամբարը՝ ՀՀ և ԱՀ դպրոցականների մասնակցությամբ:

-Հանրապետության 73 դպրոցներում անցում է կատարվել ուսումնական շաբաթվա 5-օրյա տևողության:

-Աշխատանքներ են տարվել մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանեցնելու ուղղությամբ:

-Բարձրագույն կրթության ոլորտում սկսվել է բուհերի հավատարմագրման գործընթացը:

Գիտություն

Գիտության ոլորտում ավարտին են հասցվել պետական ֆինանսավորմամբ իրականացված 5 թեմաներ: Արցախի Գիտական կենտրոնի կողմից հայտարարված 2018-ի գիտական մրցույթի արդյունքներով ֆինանսավորվել է  ևս 8 գիտական թեմա:

Սպորտ

Ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում աշխատանքներ են տարվել մարզական ֆեդերացիաների և մարզադպրոցների գործունեության պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, մարզական միջոցառումների կազմակերպման, ՀՀ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին ԱՀ մարզիկների մասնակցությունն ապահովելու ուղղություններով: Կազմակերպվել և անցկացվել  են 30 ուսումնամարզական հավաքներ և 2 սեմինար-պարապմունքներ: 1793 մարզիկներ մասնակցել են մրցաշարերի և առաջնությունների, որից 1438-ը` Հայաստանի Հանրապետության, 75-ը` Եվրոպայի, 78-ը` աշխարհի, 202-ը` միջազգային: Պետական բյուջեի միջոցների հաշվին խրախուսվել են հաշվետու ժամանակաշրջանում մարզական բարձր նվաճումներ արձանագրած 110 մարզիկներ և 25 մարզիչներ:

Առաջիկայում ԿԳՍ նախարարությունը   գործելու է ոլորտում  ներդրումների խթանման ուղղությամբ:

2019 թվականին կազմակերպվելու են դաս-արշավներ, Կրթական ֆորում, ուսուցիչների փորձուսուցման և  բնագիտական առարկաների խթանման ծրագրեր են  գործելու, դպրոցների գործունեութունը նոր չափորոշիչներով է գնահատվելու: Տրվելու է «Ես»,  «ԱրցախԹեք էքսպո» ծրագրերի մեկնարկը:  Հունիսի 1-10-ը տեղի է ունենալու  Անկախ  ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿոնԻՖԱ) Եվրոպայի գավաթի  խաղարկությունը:

Ամփոփելով՝ Նարինե Աղաբալյանն ասել է. « Մենք պետք է կարողանանք դուրս գալ մեր նեղ կենցաղային սահմաններից և սովորեցնենք մեր երեխաներին դնել մեծ նպատակներ ու ձգտել հասնել դրանց իրականացմանը. Այլ կերպ՝ պիտի սովորեցնենք երազել ու իրագործել երազանքները: Իսկ դրա համար անհրաժեշտ է գլոբալ մտածողություն՝ ոչ թե ինչպես հարմարվել իրավիճակին, այլ ինչպես փոխել կյանքը, աշխարհը»:

ԿԳՍ նախարարը  պատասխանել   է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>