«

»

Մայրենիի միջազգային օր

Փետրվարի 21-ին Արցախի հանրապետության բոլոր կրթօջախներում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան։

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցած «Աստվածատուր, աստվածալույս իմ մայրենի» խորագրով համաքաղաքային տոնին ներկա էր նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարը։  Նարինե Աղաբալյանն ասել է, որ շատ կարևոր է իմանալ Մայրենիի միջազգային տոնի պատմությունը, որպեսզի հասկանալի լինի օրվա խորհուրդը. այս պատմության հիմքում բենգալացիների պայքարն է իրենց լեզվի և ինքնության պահպանման համար, և պայքարի արդյունքում այդ ժողովուրդը անկախություն ձեռք բերեց՝ կազմավորելով Բանգլադեշ պետությունը: «1988 թվականին մեր պայքարը նույնպես սկսվեց ինքնության և լեզվի պահպանման պահանջով: Զուգադիպությամբ, արցախահայության համար ամենակարևոր որոշումն ընդունվեց մայրենիի օրվա նախօրեին՝ փետրվարի 20-ին, և այդ օրը սահմանվեց որպես մեր ազգային Վերածննդի օր. այստեղ մեծ խորհուրդ կա: Շատ կարևոր է, որ այսօրվա սերունդը, որը ծնվել և մեծանում է ազատ և անկախ Արցախում, գիտակցի, որ լեզուն է մեր ինքնության հիմքը, և, որ առանց ինքնության ազգերը կործանվում են: Մեր օրերում համացանցն անկառավարելի է դարձրել լեզվի մաքրության պահպանումը: Եվ այս առումով շատ անելիք ունեն մեր ուսուցիչները, ովքեր պետք է աշակերտների գիտակցության մեջ սերմանեն, որ լեզվի կորստով մենք կորցնելու ենք մեր ինքնությունը: Լեզուն մեր միտքն է, մտածողությունը և այն անաղարտ պահելու համար պետք է մաքուր պահենք մեր միտքը»,-ընդգծել   է ԿԳՍ նախարարը։

ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի նախարարության  լեզվի   տեսչության  պետ  Արտակ  Ղուլյանի խոսքով՝ Մայրենիի   օրն  առիթ  է մեկ  անգամ  ևս  հետադարձ  հայացք  ձգելու անցյալին, խորհելու, քննելու, վերաարժևորելու   անելիքները: «Գաղտնիք  չէ, որ  երբեմն  շատերը   անտարբեր  են  եղել  հայոց  լեզվի  անաղարտ  պահելու  գործում, հայոց  լեզուն   անհարկի  համեմել  են  օտար  լեզվի  բառերով, աղավաղել  այն: Ուրախ  եմ, որ դպրոցներում  և կրթական  այլ հաստատություններում  մեծ  ուշադրություն  է  դարձվում   մեր մայրենիին՝  հայոց  լեզվին»-մասնավորապես  ասել  է  Արտակ   Ղուլյանը։

ԱՀ  ԿԳՍ  նախարարության  կողմից   մայրենիի  միջազգային  օրվա  առթիվ   անցկացված  հանրապետական  մրցույթում  առաջին, երկրորդ  և  երրորդ  մրցանակային  տեղեր  գրաված  դպրոցների՝ Մարտունու  N1, Ստեփանակերտի  N 4  և  Բերձորի  N1 կրթօջախների  ներկայացուցիչները  պարգևատրվել  են  դիպլոմներով  և  նվերներով,  մատաղ  սերնդի  հայեցի  դաստիարակության  գործում    ունեցած  մեծ  ավանդի համար   մի   խումբ   ուսուցիչներ՝   շնորհակալագրերով:  Մրցանակային  տեղեր  գրաված   դպրոցների  աշակերտները  միջոցառումներով  կհյուրընկալվեն  իրար:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>