«

»

ԱՀ  ԿԳՍ  նախարար Նարինե Աղաբալյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

 

Սիրելի՛ շրջանավարտներ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու կապակցությամբ:Շատերդ պիտի շարունակեք ուսումը՝ մասնագիտություն ստանալու նպատակով: Տղաներից ոմանք արդեն շուտով կզորակոչվեն ու կհամալրեն մեր պաշտպանության բանակի շարքերը: Ձեզնից  ոմանք էլ  աշխատաշուկայում կփնտրեն իրենց տեղը: Ասել է, թե՝ բոլորիդ համար սկսվում է կյանքի նոր փուլ: Ինչպիսի՞ն կլինի այն՝ մեծապես կախված է ձեզնից: Կախված է նրանից, թե ինչպիսինն են ձեր երազանքները, նպատակները, պատկերացումներն ապագայի մասին: Կախված է ձեր գիտելիքներից, անձնական ու կամային որակներից, դժվարությունները հաղթահարելու և տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակությունից: Իհարկե, կախված է նաև ձեր շուրջը և աշխարհում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումներից:

Հիշե՛ք. դուք անկախությա՛ն սերունդ եք, ասել է թե՝ դո՛ւք եք մարմնավորում  Արցախի անկախությունը և այն կերտողների բոլոր նվիրական երազանքները: Ձե՛զ հետ են կապված մեր բոլոր հույսերը՝ միասնականությա՛ն, հզո՛ր հայրենիքի,  արժանապատի՛վ կյանքի ու նոր հաղթանակների՛ վերաբերյալ:  Դուք ազատ եք այն բարդույթներից, որոնք բնորոշ էին պատերազմ ապրած ձեր ծնողներին: Ձեր առջև բաց են կյանքի նոր հորիզոններ ու անսահման հնարավորություններ: Ձերն է նաև ապագան կերտելու պատասխանատվությունը: Կյանքի ճանապարհն անցեք վստա՛հ քայլերով: Հավատարի՛մ մնացեք այն արժեքներին, որոնք ամո՛ւր ու անսասա՛ն կպահեն հայոց պետականության հիմքերը: Սուրբ արյամբ ու արդար քրտինքով ստեղծված մեր երկրի արժանի զավակը եղե՛ք: Ձեր գիտելիքներով, տաղանդով ու արժանիքներով  ճանաչելի դարձրեք Արցախի Հանրապետությունը: Դարձե՛ք այն ամուր շաղախը, որն անքակտելի՛ կդարձնի հայ ազգի միասնությունը:

Բարի երթ՝ բոլորիդ: Մաղթում եմ ձեզ անսպառ ո՛ւժ ու եռանդ, սեփական ներուժը իրացնելու կամք և կարողություն: Տղաներին, ովքեր պիտի զորակոչվեն՝ բարի ծառայություն: Մեր հայրենիքին՝ խաղաղություն ու կայունություն: Շնորհակալություն մեր ուսուցիչներին՝  նվիրումի և Արցախի ևս մեկ հայրենասեր սերունդ թողարկելու համար:

ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե Աղաբալյան

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>