«

»

CONIFA Sportsbet.io՝ամփոփում․ Հարավային Օսիան՝ չեմպիոն, Արցախը՝ տոնական

Հունիսի 9-ին Ստեփանակերտում կայացավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը,որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին Արևմտյան Հայաստանը և Հարավային Օսիան։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով, և Հարավային Օսիայի հավաքականը դարձավ չեմպիոն։ Փակման հանդիսավոր արարողությանը. չեմպիոնն ու փոխչեմպիոնը ստացան մեդալներ ու գավաթներ, Աբխազիայի հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր։ Երեկոն ավարտվեց մեքենաների երթով ու պարային երաժշտության ռիթմերի ներքո։

Նույն օրը  CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն և CONIFA-ի ղեկավարությունը հանդես եկան մամուլի ասուլիսով։ «CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է․  մենք դա նշում ենք և՛ուրախությամբ, և՛ ափսոսանքով։ Այն տոնը, որ այս օրերին նշվում էր Արցախում, համոզված եմ, որ բոլորի մոտ վառ տպավորություններ է թողել»,-իր խոսքում ասաց CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Վառ տպավորություններից ու մնայուն հիշողություններից խոսեց նաև ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը և համոզմունք հայտնեց, որ Արցախը կարող է ընդունել նաև ԿՈՆԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը։ «Առաջնությունը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով։ Տպավորված եմ այն ամենով, ինչ այս օրերին տեսա Արցախում, մարդկանց, նրանց ոգևորությունը, պրոֆեսիոնալիզմը։ Կարծում եմ՝ Արցախը սահմանել է մի նշաձող, որի արդյունքում այստեղ կարող են անցկացվել նաև ԿՈՆԻՖԱ-ի աշխարհի առաջնության խաղերը»,-նշեց նա։

Խոսքով հանդես եկան նաև  առաջնությունում ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր հովանավոր Sportsbet.io-ի ներկայացուցիչները։ «Որպես գլխավոր հովանավոր՝ սա մեր առաջին փորձառությունն էր, և մենք շատ ուրախ ենք, որ այն սկսվեց ԿՈՆԻՖԱ-ի հետ՝ Արցախում։ Այստեղ գտնվելու առաջին իսկ պահից մենք զգացինք ջերմություն ու նվիրում, վայելեցինք գեղեցիկ մշակութային ծրագիր և, իհարկե, ականատես եղանք հուզումնառատ ֆուտբոլային խաղերի»,– ասաց Sportsbet.io ընկերության հասարակայնության հետ կապերի և հովանավորչական ծրագրերի ղեկավար Լուսի Թոմասը։ Կարևորելով ձեռքբերումները՝ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը շեշտադրեց. «ԿՈՆԻՖԱ 2019֊ը յուրօրինակ մարտահրավեր էր մեզ համար, որը, կարծում եմ, պատվով ընդունեցինք։ Այս միջոցառումն իր շուրջն է համախմբել հազարավոր մարդկանց։ Չեմպիոնի գավաթը նվաճեց Հարավային Օսիայի թիմը, իսկ բարեկամության գավաթը ստացան բոլոր թիմերը»։

ԿՈՆԻՖԱ-ի ներկայացուցիչներն արդեն պատրաստվում են հաջորդ ֆուտբոլային տոնին՝ 2020 թվականին Սոմալիում կազմակերպվելիք աշխարհի առաջնությանը։ ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիա: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ և անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունն էր,որին մասնակցեց 8 ՝ Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի․ Չամերիայի․ Հարավային Օսիայի, Պադանիայի թիմ։ Առաջին անգամ խաղերը կազմակերպվեցին միանգամից 4 մարզադաշտում՝Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>