«

»

Նախագահականում պարգևատրվել են 2018-2019 ուստարվա լավագույն դպրոցականները

Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ-ում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերում առաջին, երկրորդ, երրրոդ կարգի դիպլոմների արժանացած ԱՀ 28 աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանն  աշակերտներին  պարգևատրել  է արժեքավոր  նվերներով՝  դյուրակիր  համակարգիչներով  և բջջային  հեռախոսներով, իսկ  ուսուցիչներին՝  100 հազարական  դրամ գումարով: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը   շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

Նախագահն  իր  ելույթում   մասնավորապես  ասել  է. «Այսօր  վստահաբար   կարող  ենք  ասել, որ   մատաղ  սերունդը  շարունակում  է   մեր  նախնիների  ավանդույթները, դաստիարակվում այն  արժեքներով, որոնք  դարեր շարունակ առաջնային  են    եղել  մեր  ժողովրդի  համար: Համոզված  եմ, որ  վաղն այսօրվա  երիտասարդներն  են  պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին,  և ամեն  ինչ  կստացվի»:

ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանը    շնորհավորել  է  բոլոր մրցանակակիրներին  և այն ուսուցիչներին, ովքեր  մեծ  ներդրում  ունեն  այդ   մրցանակների  ապահովման  գործում: Նախարարը  կրթական  ոլորտի աշխատակիցների  անունից  շնորհակալություն    է  հայտնել   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանին՝  կրթության   ոլորտի  հանդեպ  մշտական ուշադրության  և հոգածության  համար: «Գիտելիքների  մրցույթում  հաղթելը  պատվաբեր  է, իսկ  պետության  ղեկավարի  կողմից  նման  պատվի  արժանանալը՝  ոգևորիչ  և  պարտավորեցնող:  Ուրախալի է, որ  դպրոցական  առարկայական  օլիմպիադաների  մասնակիցների  թիվը  տարեցտարի  աճում  է:  Այս  տարի  հանրապետական  առարկայական   օլիմպիադայի  փուլին   մասնակցել  է   447  աշակերտ, որից  87-ն  արժանացել  են մրցանակների, իսկ ՀՀ-ում  կայացած  եզրափակիչ   փուլում  Արցախի  Հանրապետության   20  դպրոցից  մրցանակներ  են  ստացել  28  աշակերտ: Ուրախալի  է, որ ունենք   դպրոցներ, որոնք պատվախնդրորեն ամեն  տարի  պայքարում  են  գիտելիքների  ամենամյա մրցույթում՝  արձանագրելով  լավագույն  արդյունքներ:  Հատկանշական  է, որ  այս  տարվա  օլիմպիադայի  եզրափակիչ  փուլի  մրցանակակիրների  50%-ը  գյուղական  համայնքներից  է:  Ասկերանի  շրջանն  այս  տարի  ևս  պահպանել  է առաջատարի  դափնին՝  եզրափակիչ  փուլում  արձանագրելով  9  մրցանակ կամ  ընդհանուր  մրցանակների  1/3  մասը: Արդյունքներով  լավագույն   դպրոց  է  ճանաչվել  Ասկերանի  շրջանի Սզնեքի կրթօջախը, որն ունի  ընդամենը  13 աշակերտ. այս  տարի   ևս  դպրոցն ապահովել է  երեք  մրցանակ»,- ավելացրել  է  Նարինե  Աղաբալյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ  Ազգային   ժողովի    նախագահ  Աշոտ Ղուլյանը, պետական նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ուսուցիչներ, աշակերտներ  և այլք։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>