«

»

Նախագահը պարգևատրել է գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին

Հուլիսի 4-ին  Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019  ուսումնական տարում Արցախի պետական և  Շուշիի տեխնոլոգիական համալսարանների  գերազանցությամբ ավարտած 102 շրջանավարտների դիպլոմների հանձնման և պարգևատրման հանդիսավոր արարողություն: Արցախի մայր  բուհն ավարտած  85 և  Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ավարտած 17  երիտասարդներին  ԱՀ  նախագահ Բակո  Սահակյանը  հանձնել  է  նաև  դյուրակիր  համակարգիչներ  ու 100  հազարական   դրամ:  ԱՀ  նախագահը   շնորհավորել  է  շրջանավարտներին  և  մաղթել նորանոր   հաջողություններ  ու  ձեռքբերումներ:

Դիմելով  ուսանողներին՝  Բակո   Սահակյանը    մասնավորապես  ասել է.  «Մենք  անչափ  ուրախ ենք, որ  ունենք    նման  երիտասարդներ, ովքեր  ճիշտ  ուղի  են   ընտրել՝  սովորելու, կրթվելու, ժամանակակից  գիտելիքներով  զինվելու   համար:  Մեր  երկրում  տարեցտարի ավելանում  է   ժամանակակից   պայմաններին  համապատասխանող  կրթական  հաստատությունների   թիվը,   շարունակական  աշխատանքներ  են  տարվում  դրանց  շենքային  պայմանների  բարելավման, տեխնիկական  հագեցվածության   ապահովման, ուսման  մակարդակի   բարձրացման  ծրագրերի   ներդրման  ուղղությամբ:  Պետության  կողմից  հնարավորություններ  են  ստեղծվում  շնորհալի  երիտասարդների  համար, որպեսզի  նրանք  կարողանան  իրենց  ուսումը  շարունակել    աշխարհի    լավագույն  բուհերում՝  ձեռք  բերել  նոր  գիտելիքներ  և    հմտություններ՝ հետագայում  դրանք    ծառայեցնելով  հայրենիքի  զարգացման ու հզորացման    գործին»:

Շնորհավորելով  շրջանավարտներին   ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն ասել է,  որ  կրթության  մեջ  ձեռքբերումներն  արժևորելու,   հետագա  հաջողությունները  խրախուսելու  ձևավորված  նման  ավանդույթը   վկայում  է     Արցախում   կրթության  ոլորտի առաջնահերթության   և  կարևորության  մասին:  «Մասնագիտական    կրթությունը  մեր   երկրում  թևակոխել  է  բարեփոխումների  նոր  փուլ,  որը    պետք  է   ապահովի անցումը  որակական   նոր  մակարդակի:  Դրան  են  միտված   պետական  քաղաքականության   շրջանակներում    իրականացվող   ծրագրերը,  մասնավորապես,   բարձրագույն    ուսումնական  հաստատությունների    ինստիտուցիոնալ   հավատարմագրման  գործընթացը, որը  մեկնարկել  է  նախորդ  տարի՝  հնարավորություն  տալով     մեր    բուհերին   ինքնագնահատման    և   ինքնավերլուծության   միջոցով  վերհանել  առկա  խնդիրները  և մշակել  բուհի    զարգացման  ռազմավարական  նոր  ծրագրեր»,- մասնավորապես  ասել  է   ԿԳՍ  նախարարը:

Միջոցառմանը   ներկա էին  ԱՀ Ազգային  Ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>