«

»

Հայագիտական միջազգային գիտաժողով՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում

Օգոստոսի 26-ին  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում մեկնարկել է հայագիտական միջազգային գիտաժողովը՝ «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով։  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև ԱՀ և ՀՀ մի շարք պետական գերատեսչությունների աջակցությամբ  Գանձասարում մեկնարկած գիտաժողովին մասնակցում են 18 գիտնականներ՝  Շվեցարիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից,  Գերմանիայից,  Հոլանդիայից, Հայաստանից ու Արցախից։

Հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կարևորելով գիտաժողովի  գիտագործնական նշանակությունը և նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական և օբյեկտիվ ձևով ուսումնասիրել պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետևանքային կապը և այն  ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը: «Դա կարևոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը և այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձևով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցն այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձևաչափով  և օրակարգով»,- ընդգծել է  Բակո Սահակյանը:

Միջոցառմանը   ներկա   ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի նախարար  Նարինե  Աղաբալյանն  իր  ելույթում  ասել է, որ   «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում   կազմակերպված միջազգային  գիտաժողովը  բավականին  ներկայացուցչական  է  իր  մասնակիցների կազմով, տարողունակ  ու հետաքրքիր իր  բովանդակությամբ, և  կարևոր ՝ նշանակությամբ: «Ուրախ եմ  տեսնել   գիտաժողովին  հեղինակավոր  գիտնականների, ովքեր  մեծ  ավանդ  ունեն հայագիտության  մեջ  և  շարունակում  են  կարևոր  դերակատարում  ունենալ Հայոց   պատմության հիմնահարցերի   հետազոտության  ասպարեզում:  Ներկա   գիտաժողովի  ուսումնասիրության  թեման՝ «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ»-ը, անշուշտ, կոչված  է   լույս  սփռելու  հայ  ժողովրդի  պատմական  անցյալի վրա, անհերքելի  փաստերով  ներկայացնելու  և   զեղծարարությունից  պաշտպանելու  Մեծ  Հայքի  արևելից  կողմանց    պատմությունը»,-ավելացրել  է   Նարինե  Աղաբալյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել նաև ՀԱԵ Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի  տնօրեն  Վահան  Տեր-Ղևոնդյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային   ընկերակցության   նախագահ  Վալենտինա  Կալցոլարին, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը։ Բացման հանդիսավոր արարողությունից  հետո   գիտաժողովն  աշխատանքը շարունակել է նիստերի ձևաչափով, զեկուցումներով հանդես են եկել  հեղինակավոր գիտական կենտրոններ ներկայացնող  հայ և արտերկրից ժամանած գիտնականներ։

Հայագիտական միջազգային գիտաժողովը  կշարունակվի  մինչև   օգոստոսի  28-ը։ Մասնակիցները  կլինեն  Շուշիում  և  Տիգրանակերտում։ Նախատեսված է հանդիպում  ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ի գիտություն․ Արցախում առաջին հայագիտական գիտաժողովը կազմակերպվել է 20 տարի առաջ։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>