«

»

Օգոստոսյան մանկավարժական խորհրդակցություն՝նոր ուսումնական տարվա մեկնարկին

Օգոստոսի 29-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան  N1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել օգոստոսյան մանկավարժական խորհրդակցություն՝ մայրաքաղաքի կրթական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ:   Մինչ այդ  խորհրդակցություններ են անցկացվել հանրապետության  բոլոր շրջաններում:  Ստեփանակերտյան խորհրդակցությանը   զեկույցներով  հանդես են եկել Ստեփանակերտի  քաղաքապետարանի աշխատակազմի  կրթության և  սպորտի  բաժնի  պետ  Թերեզա  Ղարախանյանը, Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան  N 8 դպրոցի  տնօրեն  Լյովա  Գևորգյանը, Ստեփանակերտի N 6 դպրոցի  քիմիայի ուսուցիչ Գայանե Շահբազյանը, ԳԹԿ տնօրեն  Յուրի Քարամյանը:

ԱՀ  կրթության, գիտության և սպորտի  փոխնախարար  Միքայել  Համբարձումյանն   անդրադարձել  է կրթական ոլորտին  առնչվող   մի  շարք  խնդիրների, ընդգծել բնագիտական   առարկաների  մասնագետների   պակասի  հարցը:  Փոխնախարարը ներկաներին հորդորել է վերանայել դպրոցներում բնագիտական  առարկաների  դասավանդման  գործընթացը, առարկայի հանդեպ  հետաքրքրություն    առաջացնել աշակերտների մոտ, որպեսզի  երեխաները  շահագրգռված լինեն ուսումնասիրելու տվյալ առարկան:

Խորհրդակցության  ավարտին  ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե  Աղաբալյանը խոսել է ոլորտի  խնդիրներից  ու  ձեռքբերումներից, անդրադարձել  մանկավարժների առաջարկներին, պատասխանել   նրանց   հուզող  հարցերին, տեղեկացրել առաջիկա  ծրագրերի  մասին  և տվել  հստակ  հանձնարարականներ, մասնավորապես՝ դպրոցներում  մասնագետների  պակասի,  ուսուցիչների  վերապատրաստման,  աշակերտների  մասնագիտական  կողմնորոշման,  լավագույն  ուսուցիչներին  և տնօրեններին  խրախուսելու,  աշակերտների «ուռճացված» գնահատականների անթույլատրելիության, ի շահ աշակերտների՝ դասացուցակների  կազմման, թեստային  համակարգի, կրթօջախների  սննդի  կետերի, երեխաների  մեդիագրագիտության, նոր  մարտահրավերների,  նախադպրոցական  ոլորտի, ներառական  կրթության, 12-ամյա  կրթական  համակարգի  և  այլ  հարցերի  շուրջ:

«Կրթության հիմնական նպատակն ապագա քաղաքացու, ապագա մասնագետի  ձևավորումն է՝ աշակերտի  ներուժի բացահայտման և զարգացման միջոցով:  Այդ ուղղությամբ մինչ օրս արված մեր աշխատանքը  բավարար չէ» ,-ասել է նախարարը՝ կոչ անելով ուսուցիչներին  ջանք ու եռանդ չխնայել երեխաների համար:

Ելույթի ավարտին  Նարինե Աղաբալյանը  տեղեկացրել է, որ   սեպտեմբերի   1-ից  10%-ով   կբարձրանա   ուսուցիչների   աշխատավարձը,  5%-ով՝  տնօրեններինն  ու վարչական  հաստիքներ  զբաղեցնողներինը:

Ի գիտություն.  2018-2019  ուսումնական տարում  Ստեփանակերտում  գործել  են  հանրակրթություն  իրականացնող 9  հիմնական,  1 միջնակարգ, 1  ավագ, 1  միջնակարգ  հոսքային, 1  հատուկ (ֆիզմաթ), 1  ռազմամարզական վարժարան, 3  մասնագիտական (պարարվեստի քոլեջ, բժշկական քոլեջ, երաժշտական քոլեջ)  հաստատություններ,   ինչպես  նաև  30 խմբով  6 նախադպրոցական   հիմնարկ՝  1.110  երեխայով,  մեկ  մանկապատանեկան  ստեղծագործական   կենտրոն՝  105 խմբով, որտեղ  հաճախում  են  1.400  երեխա, մեկ  մարզադպրոց՝ 55  խմբով՝  723  երեխայի  ընդգրկմամբ:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>