«

»

Կրթաթոշակ՝ լավագույն աշակերտներին

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Մոսկվաբնակ մի խումբ բարերարների հիմնադրած կրթաթոշակին արժանացել են  2018-2019 ուստարվա  առարկայական օլիմպիադայում  «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և  «Քիմիա» առարկաներից լավագույն արդյունքներ ցուցաբերած  9 աշակերտներ: Կրթաթոշակը հիմնադրվել է բնագիտամաթեմատիկական առարկաների զարգացմանը նպաստելու, այդ ուղղությունն ընտրած երեխաներին քաջալերելու և ապագայում համապատասխան մասնագետներով հանրապետության դպրոցները համալրելու նպատակով:

«Այսօր դուք եք այդ արժանավորները: Հուսով եմ, որ, ի դեմս ձեզ, 3 կարևոր ուղղությունով կունենանք մեր լավագույն մասնագետներին, ինչու չէ նաև գիտնականներին, որովհետև Արցախը թեև փոքր է, բայց շատ հայտնի գիտնականներ է տվել աշխարհին: Հենց նրանց երեքի անուններով էլ սահմանվել են կրթաթոշակները. ֆիզիկայի ոլորտում՝ Իոսիֆյանի անվան, քիմիայի ոլորտում՝ Կնունյանցի անվան, մաթեմատիկայի ոլորտում՝ Մերգելյանի անվան: Չի բացառվում, որ տարիներ անց լսենք նաև ձեր անունները և տասնամյակներ հետո, գուցե արդեն ձեր ազգանուններով կրթաթոշակներ սահմանվեն՝ ապագա սերունդների համար: Դա բոլորիս ցանկությունն է»,- մասնավորապես ասել է Նարինե  Աղաբալյանը:

Կրթաթոշակի հիմնադիր  Դավիթ Հարությունյանը, շնորհավորելով աշակերտներին, մաղթել է  նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, ապա ավելացրել. «Դպրոցում ստացած կրթությունն է այն հիմքը, որն ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում: 21-րդ դարը տեխնիկայի, ինֆորմացիոն հեղափոխության դար է: Բնագիտական ուղղություններն այսօր և միշտ լինելու են առավել պահանջված: Հույս ունենք, որ դուք կսովորեք ավելի լավ և կընտրեք ճիշտ մասնագիտություն՝ միշտ հիշելով ձեր հայրենիքը և հնարավորին չափ օգնություն ցուցաբերելով: Հետագայում ունենք այլ ծրագրեր: Մեր վերջնական նպատակն է կրթության որակի բարելավումը, խորացված աշխատանքը՝ լավ արդյունքներ ցուցաբերող աշակերտների հետ: Նպատակ ունենք աշակերտներին  հրավիրել Մոսկվա՝ հատուկ դպրոցներում իրենց գիտելիքները ավելացնելու, կատարելագործվելու համար: Դրան զուգահեռ նրանք կկարողանան մեծացնել իրենց հետաքրքրությունների շրջանակը, կլինեն Մոսկվայի տեսարժան վայրերում»:  Աշակերտները ստացել են համապատասխան հավաստագրեր. կրթաթոշակը սահմանված է 6 ամիս ժամկետով՝ամսական 100 ԱՄՆ դոլար:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>