«

»

Նարինե Աղաբալյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել այցելության համար և ավելացրել.  «Շնորհակալ ենք այն բոլոր ֆրանսիացիներին, ովքեր անկախ քաղաքական պատճառներից ու մի շարք խոչընդոտներից շարունակում են մեզ հետ բարեկամություն անել: Վստահ եմ, որ այս բարեկամությունից միայն շահում ենք և ոչ ոք չի տուժում: Արցախա-ադրբեջանական  հակամարտությունը կարող է դարեր տևել, բայց  դա չպետք է խանգարի այստեղ ապրող մարդկանց՝ իրենց իրավունքները իրացնելու և օգտվելու այն ամենից, ինչ-որ ստեղծված է մարդկության համար: Դրա մեջ է մտնում նաև կրթության իրավունքը:  Վաղը դուք այցելելու եք «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան, որը հենց Արցախ-Ֆրանսիա բարեկամության արդյունքն է: Այն մեր լավագույն ուսումնական հաստատությունն է, որին փորձում ենք հավասարեցնել մեր մասնագիտական ընդհանուր կրթությունը: Կարծում եմ՝ հրաշալի է, որ Ֆրանսիայում ապրող մարդիկ նպաստում են, որպեսզի Արցախում պատրաստվեն ոչ թե քանդողներ, այլ՝ կառուցողներ: Ցանկանում ենք մեր մյուս մասնագիտական հաստատությունները բարձրացնել այդ աստիճանի, որովհետև իսկապես տեսնում ենք ուսումնարանի տարեցտարի բարելավվող արդյունքները: Այս համագործակցությունն ու այցելությունը մեզ համար կարևոր է նաև նրանով, որ այստեղ ապրող մարդիկ իրենց մեկուսացված չզգան աշխարհից: Թեև Հայաստանի միջոցով արցախցին կարողանում է կապվել աշխարհի հետ, բայց այն արգելքները, որ դրված են տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության վրա, լուրջ խնդիրներ են ստեղծում մեր ժողովրդի համար: Կարծում եմ, որ բարձրագույն կրթության մեջ համագործակցությունն ավելի դժվար կլինի իրականացնել, քան միջին մասնագիտական մակարդակում, որովհետև բարձրագույն կրթության մեր փաստաթղթերը, ցավոք,  չեն  ճանաչվում Եվրոպայում և անգամ փոխանակման ծրագրեր չենք կարողանում ներկայացնել: Եթե մեր ուսանողները ցանկանում են սովորել  եվրոպական որևէ համալսարանում,  և այդ համալսարանը  պատրաստ է լինում ընդունել նրանց, մենք ստիպված ուսանողներին տեղափոխում ենք Հայաստանի որևէ համալսարան: Այսինքն, ստեղծվում է շատ հակասական իրավիճակ, որովհետև այնտեղ դեմ են ոչ թե մեր երեխաներին, այլ դեմ են, որ մեր երեխաները հանդես գան որպես Արցախի ուսանողներ: Մենք շատ բան ունենք ընդօրինակելու, բայց և ունենք ցույց տալու և ներկայացնելու: Մենք ոչ միայն խաղաղության կողմնակիցն ենք, այլև ինքներս ամեն ինչ անում ենք խաղաղության համար»:

Մի շարք հարցերի քննարկումից հետո, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել  ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ համագործակցությունը կունենա  դրական արդյունքներ: Հանդիպումն ավարտվել է  խորհրդանշական նվերների փոխանակմամբ:

Օրվա երկրորդ կեսին,  Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ֆրանսիացի պատվիրակների համար մշակութային միջոցառում  է կազմակերպվել:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>