«

»

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի շնորհավորական ուղերձը՝Ուսուցչի տոնի առթիվ

Ուսուցչի  օրը  տոն է բոլորի համար: Մի պարզ պատճառով. աշխարհում չկա մարդ, որ ուսուցիչ չունենա: Եվ հոկտեմբերի 5-ը յուրաքանչյուրի համար առիթ է   վերհուշի, խոստովանության և խոնարհումի:    Այս օրը յուրաքանչյուրը հիշում է իր  ուսուցիչներին, հատկապես այն մեկին, ով ամենաշատն է ազդեցություն ունեցել  իր՝ որպես անհատ ձևավորման և կյանքի ճանապարհի ընտրության հարցում:

Սիրելի ուսուցիչնե՛ր

Բոլոր ժամանակաշրջաններում, մարդկային էվոլյուցիային և գիտատեխնիկական զարգացմանը զուգընթաց, եղել են մասնագիտություններ, որ վերացել են, փոխարինվել այլ մասնագիտություններով: Ուսուցչի մասնագիտությունն  աշխարհի արարման օրից կա  ու կլինի միշտ, քանի դեռ կա մարդկությունը: Որովհետև, մարդկային էակը միշտ սովորելու կարիք ունի: Հենց սրանով է կարևորվում ուսուցչի առաքելությո՛ւնը:  Բոլոր ժամանակներում էլ ուսուցչի դերակատարությունը նույնն է՝ տալ գիտելիքներ, դաստիարակել, զարգացնել հմտություններ ու կարողություններ:  Պետք է սակայն, հասկանալ, թե կոնկրետ ժամանակաշրջանում և ապագային միտված  ո՞ր գիտելիքներն են կարևոր և ինչպիսի՞ հմտություններ ու կարողություններ է անհրաժեշտ զարգացնել: Իսկ դա նշանակում է, որ ուսուցիչն ինքը պիտի փոխվի ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին համահունչ և մշտապես լինի ոչ միայն սովորեցնողի, այլև սովորողի դերում: Հենց դրանում է լա՛վ ուսուցիչ լինելու դժվարությունը:  Ուսուցչությունն աշխատանք չէ, որը կատարում են պարզապես աշխատավարձի համար: Ուսուցչությունն  առաքելություն է, որը  նվիրում է պահանջում: Եվ  հենց դրա համար է ասվում, որ ուսուցիչը  մասնագիտություն չէ,  կոչո՛ւմ է:

Արցախ աշխարհում բոլոր սերունդներն  իրենց երազանքների ու նպատակների իրագործման հարցում միշտ էլ ապավինել են դպրոցի՛ն, ուսուցիչների՛ն: Եվ այն, որ մենք դարեր շարունակ դիմակայել ենք փորձություններին, ասպատակիչների դեմ պայքարելով ու  պատերազմներում  հաղթելով  հասել ենք  ազատ ու անկախ հայկական պետություն ստեղծելու և զարգացնելու հանգրվանին՝  վկայում է, որ բոլոր ժամանակներում էլ մենք ունեցե՛լ ենք լավ ուսուցիչներ, ուսուցիչներ, ովքեր դաստիարակել են խելացի՛, հայրենասե՛ր, խիզա՛խ ու տաղանդավո՛ր սերունդներ: Որպեսզի այս երթն անխախտ մնա և գալիք բոլոր հայ սերունդներն էլ արժանանան անկախ ու հզոր Հայրենիքի զավակները լինելու պատվին, կարևոր անելիքներ ունենք բոլորս:

Ուսուցիչը նորից պիտի դառնա ամենահեղինակավոր մարդը մեր հասարակության մեջ, որին պիտի ձգտեն հասնել լավագույնները:  Իսկ դրա համար պիտի կարողանանք նորից գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը՝ ոչ միայն նրա սոցիալական վիճակը բարելավելով, այլև մանկավարժական կրթության մեջ անհրաժեշտ բարեփոխումներ կատարելով: Դրան հասնել հեշտ չէ, մանավանդ, չկարգավորված հակամարտության և չճանաչվածության պայմաններում: Բայց, կյանքն  է վկայում. սահմանափակումները միայն ստիպում են ավելի ուժեղ և հնարամիտ դառնալ: Մենք գտնելո՛ւ ենք լուծումները: Եվ ոչինչ չի շեղելու մեզ մեր ընտրած ճանապարհից: Ամեն տարի Արցախում նոր դպրոցներ են կառուցվում, հիմնանորոգվում են, կահավորվում, նոր կրթական հնարավորություններ են ստեղծվում: Մենք սովորել ենք հաղթահարել քաղաքական ու տնտեսական խոչընդոտները: Այսուհետ ևս հաղթահարելու ենք:

Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի ուսուցիչներ: Գլուխ եմ խոնարհում Ձեր առջև: Եվ խնդրում եմ. միշտ Ձեր բարձունքի վրա մնացեք: Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցեք սկսնակ ուսուցիչներին նույն ծնողական հոգատարությամբ, ինչպես որ վերաբերվում եք Ձեր աշակերտներին:  Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Արցախի և  մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչներին մաղթում եմ առողջություն, անսպառ  եռանդ, բարօրություն և անսահման սեր ու ջերմություն:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>