«

»

Նարինե Աղաբալյանի անդրադարձը հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին․ Արցախի կրթական ֆորում 2019

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում մեկնարկած Արցախի կրթական ֆորումի պլենար նիստին  ելույթով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար (ԿԳՍ) Նարինե Աղաբալյանը։  Նախարարի խոսքով՝ 1994 թ.-ի զինադադարի պայմանագրի կնքումից հետո ԱՀ կառավարությունը առաջնահերթության կարգով սկսեց ավերված դպրոցների վերականգնման ու նոր դպրոցների կառուցման աշխատանքները: Այդ տարիներին պետական միջոցներով, Սփյուռքի հայրենակիցների ու ազգային կառույցների աջակցությամբ 100-ից ավելի դպրոցներ են կառուցվել, վերականգնվել կամ նորոգվել: Դպրոցաշինության ծրագիրը շարունակվում է և ամեն տարի Արցախում նոր կամ հիմնանորոգված դպրոցներ են բացվում՝ ապահովելով մեր երեխաների կրթության համար ժամանակակից շենքային պայմաններ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ ԿԳՍ նախարարը նշել է, որ  կրթության զարգացման հիմնական խոչընդոտներից է կրթության նպատակի հստակ ձևակերպման բացակայությունը: «Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում, 12-ամյա կրթության անցումը պայմանավորված է եղել մեր կրթակարգը միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որպես գլխավոր նպատակ՝ սահմանվել է որակյալ կրթության ապահովումը: Սակայն, որն է կրթության որակի մեր ընկալումը և չափելի արդյունքը. հարցեր, որոնք մնացել են առկախված: Դասագրքերի ու առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության մասին շատ է բարձրաձայնվում: Ֆորումի հայտադիմումների մեջ ևս ամենաշատն այս թեմային էր անդրադարձը: Ֆորումի շրջանակներում թեման կքննարկվի՝ հասկանալու համար՝ որոնք են բովանդակության հետ կապված հիմնական խնդիրները, կամ ինչ փոփոխություններ են ակնկալում ուսուցիչներն ու աշակերտները»,- ասել է Նարինե Աղաբալյանը:

Նախարարը  նշել է, որ այսօր ուսուցչի առջև նստած է նոր սերնդի ներկայացուցիչը, ով բավարար չափով տիրապետում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և ազատորեն օգտվում է տեղեկույթի այն անսահման պաշարներից, որն ընձեռում է համացանցը: Ըստ նախարարի՝այս իրողության մեջ դասավանդման նախկին մեթոդները չեն կարող արդյունավետ լինել:  «Մեր կրթության և Արցախի ընդհանուր զարգացման հիմնական խոչըդոտներից մեկը, ըստ իս, անձի սոցիալիզացիայի, հաղորդակցման հնարավորությունների սակավությունն է, համայնքների ներփակվածությունն ու մեկուսացումը և գլոբալ մտածելակերպի բացակայությունը: Պետք է հստակեցնենք նաև այս ուղղությամբ անելիքները: Ֆորումի շրջանակներում կքննարկվի նաև կրթական արդյունքի գնահատման թեման: Գնահատման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին ևս շատ է խոսվում: Քննությունների արդյունքների և աշակերտների իմացության մակարդակի անհամապատասխանությունը չի կարող չանհանգստացնել, և այս խնդրի լուծումը ուղղակիորեն առնչվում է թվարկածս բոլոր խնդիրների հետ: Ֆորումի հայտադիմումներում առանձնացված խնդիրների շարքում հաճախակի կրկնվողներից է նաև ներառական կրթության թեման: Այստեղ ևս մեր քայլերը թերի են, քանի որ, հայտարարելով ներառական կրթության անցման մասին, մենք բավարար չափով նախապատրաստական աշխատանքներ չենք տարել, և ուսուցչին թողել ենք մենակ իրեն անծանոթ խնդրի հետ»,-հավելել է Նարինե Աղաբալյանը և հույս հայտնել, որ  ֆորումը կանցնի  բովանդակային ու կառուցողական քննարկումներով և  հնարավորություն կտա սահմանելու Արցախի նոր տեսլականը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>