«

»

Մեկնարկել է Արցախի կրթական ֆորում 2019-ը

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N  1 դպրոցում մեկնարկել է Արցախի կրթական ֆորում 2019-ը՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կարգախոսով: Ֆորումի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանրապետության նախագահն  արդյունավետ աշխատանք  է  մաղթել ֆորումի մասնակիցներին և նշել, որ կրթության ոլորտն, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև մեծապես կանխորոշում է երկրի ապագան:  Բակո Սահակյանի ուղերձը ներկայացրել է  ԱՀ Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ֆորումի պատվիրակներին ողջունել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնված ֆորումին մասնակցում են կրթության կազմակերպիչներ, կրթության շահառուներ, ոլորտի փորձագետներ և շահագրգիռ անձինք: Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցների թիվը հասնում է 150-ի:  «Նման ձևաչափով մեր աշխատանքները կազմակերպում ենք առաջին անգամ, և հուսով եմ, որ այս միջոցառումը հնարավորություն կտա նոր տեսանկյունից դիտարկել կրթության խնդիրները, և այն կանցնի բովանդակային ու կառուցողական քննարկումներով ու հնարավորություն կտա սահմանելու Արցախի նոր տեսլականը: Կրթական ֆորումի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված էր կրթության դերի կարևորմամբ և արդի մարտահրավերներով»,- նշել է Նարինե  Աղաբալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ անհատի վերափոխման ճանապարհն է հանրային վերափոխման կարևորագույն գործոնը: «Հստակ է, որ հաջողության հասնելու բանաձևը կրթությունն է, աշխատասիրությունը, կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը: Այս և այլ հարցեր կքննարկվեն ֆորումի ընթացքում»,- ավելացրել է Գոհար Մամիկոնյանը:

Պլենար նիստին ելույթով հանդես է եկել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային ղեկավար Արմեն Հովհաննիսյանը։ «Խորապես հավատացած եմ, որ այս ֆորումը հաջողելու դեպքում տարեցտարի շարունակական բնույթ կկրի և թույլ կտա մեզ բոլորիս ուշադրության կենտրոնում պահել համակարգում առկա փոքր ու մեծ խնդիրները: Արցախում ծավալած գործունեության ընթացքում մենք ևս գործ ենք ունեցել որոշակի խնդիրների հետ, որոնք հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ ծրագրային և տեխնիկական՝ կապված ենթակառուցվածքների և այլնի հետ: Խնդիրներից որոշները քարտեզագրված են և գտնվում են պետական համակարգի ուշադրության կենտրոնում»,- նշել է Արմեն Հովհաննիսյանը և հավելել, որ կարևորելով հանրային և կրթական ամուր կապերի զարգացումը Հայաստանի և Արցախի միջև՝ 2017 թ.-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն Արցախ գործուղեց ուսուցիչ-առաջնորդների առաջին սերնդին: Այսօր նրանց թիվը հասնում է 30-ի, միայն 21 ուսուցիչ աշխատում է Քաշաթաղի շրջանի համայնքներում:

Հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին ու մարտահրավերներին են անդրադարձել նաև ՀՀ-ից ժամանած փորձագետները՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը և «ԱՅԲ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Օրվա երկրորդ կեսին ֆորումի աշխատանքները շարունակվել են ենթախմբերում։

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>