«

»

Գիտություն և սպորտ․ մանրամասներ կառավարության նիստից

Գիտություն.

«Արցախի Հանրապետության 2020 թվականի գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերին հավանություն տալու մասին» Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով: Նոյեմբերի  14-ին կայացած ԱՀ կառավարության նիստի   ժամանակ ասել  է  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար Նարինե  Աղաբալյանը:  Նրա  խոսքով՝   Արցախի Հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգով՝ պետական բյուջեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող և համատեղ իրականացվող դրամաշնորհների ձևով` Արցախի գիտական կենտրոնի միջոցով:

«Պետական բյուջեից ֆինանսավորվող հետազոտական նախագծերի թեմաներն ընտրվում են ԱՀ  կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող գիտական հետազոտական նախագծերի մրցույթով, արտաքին գրախոսման արդյունքների հիման վրա: Ընթացքի մեջ է 14 հետազոտական ծրագիր, որից 8-ը 2018-ին պետական բյուջեի կազմում Ազգային Ժողովի կողմից հաստատված ծրագրերն են՝ ֆիզիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկություն, սոցիալական և տնտեսական աշխարհագրություն, պատմություն, ազգագրություն և հումանիտար այլ գիտություններից, իսկ 6-ը՝ բնագիտական ու Ճարտարագիտություն և տեխնոլոգիա գիտություններից, ՀՀ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ 2019-ին սկսված գիտահետազոտական ծրագրերն են»,-ավելացրել  է  Նարինե Աղաբալյանը:

2020 թվականին ԱՀ պետական բյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում  է  հատկացնել  38 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել 2019-ին սկսված և ԿԳՍ նախարարության կողմից հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթի արդյունքներով ընտրված վերոնշյալ  14 թեմաների ֆինանսավորմանը:

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի պետական ծրագրին հավանություն տալու մասին» որոշման անհրաժեշտությունը բխում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը դիտարկվում են որպես առողջության պահպանման և ամրապնդման համար յուրատեսակ միջոցներ, որոնք խթանում են մարդկային համընդհանուր արժեքների համակարգի ձևավորումը և անհատի բարոյակամային որակների զարգացումը:  «Արցախի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը խթանել է սպորտի մասսայականացումն ու զարգացումը: Միայն վերջին երեք տարիներին ավելի քան 70 %-ով ավելացել են սպորտի ոլորտին պետական բյուջեից հատկացումները, ինչի շնորհիվ ավելացել են մարզաձևերը և դրանցում ընդգրկված մարզիկների թիվը, ավելի շատ մարզիկներ են հնարավորություն ստացել մասնակցելու Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվող մարզական միջոցառումներին: Ոլորտում իրականացված պետական քաղաքականությունը՝ մասնավորապես, նոր մարզակառույցների ստեղծման, մարզադաշտերի, մարզադահլիճների,մարզադպրոցների, հրապարակների հիմնանորոգման, տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված քայլերը, հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու աննախադեպ որոշումները՝ մարզական ներուժի բացահայտման և զարգացման լայն հնարավորություններ են բացել հազարավոր մարզիկների համար: Դրա լավագույն վկայությունն են ամեն տարի աշխարհի ամենատարբեր հարթակներում մեր մարզիկների ու մարզիչների արձանագրած հաջողությունները, որոնք, անկասկած, նաև ճանաչում են բերում մեր երկրին: Այդ քաղաքականությունը հնարավորություն տվեց Արցախին ներկայանալու նաև որպես սպորտային երկիր: 2019 թ-ին Արցախում տեղի ունեցած Կոնիֆայի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական 7-րդ խաղերը, «Պար առանց սահմանի» Սպորտային պարերի միջազգային առաջնությունը և մի շարք մարզաձևերով կազմակերպված միջազգային մրցաշարերը ասվածի լավագույն վկայությունն են»,-մանրամասնել է  ԿԳՍ նախարարը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի    պետական ծրագրով նախատեսվում է շարունակել ոլորտի զարգացման դրական միտումները, միաժամանակ, միջոցներ ձեռնարկել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագծով ոլորտի զարգացման գերակա ուղղություններ են սահմանվել բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստությունը, սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը  և  տարածումը,  բարձրագույն նվաճումների սպորտը, օլիմպիական մարզաձևերի զարգացումը և օլիմպիական  գաղափարների տարածումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև մարզիկների բուժսպասարկման կատարելագործումը, ոլորտի իրավական կարգավորումը: Ծրագիրը ներառում է հանրապետական, շրջանային միջոցառումներ, ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, մրցաշարերին Արցախի Հանրապետության մարզիկների մասնակցությանը պետական աջակցություն, ուսումնամարզական հավաքների անցկացում, հաղթողներին և նրանց մարզիչներին մեծարման և խրախուսման միջոցառումներ, մարզիչների համար վերապատրաստման դասընթացներ, օգնություն մարզական ֆեդերացիաներին, ինչպես նաև մրցումներում վնասվածքներ ստացած մարզիկների բուժման ծախսերի փոխհատուցում, հավաքական թիմերի համար մարզագույքի և մարզահանդերձանքի ձեռքբերում։  Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է 2020  թ-ի պետական բյուջեից հատկացնել 275 մլն դրամ, ինչը  2019 թվականի համեմատ   ավել է 54 մլն դրամով կամ 24 %-ով:

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>