ԼՂՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2008 թվականի մայիսի 14-ին

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

 

ԳԼՈՒԽ 2
ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների, օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու եւ հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը    ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ` որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մահացած ճանաչելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Բռնության և դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող և իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը հետապնդվում է օրենքով:

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումը և դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ` ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում կամ գիշերօթիկ հաստատություններում տեղավորելու միջոցով:

Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում և գիշերօթիկ    հաստատություններում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպականիրավական ձևից) և գիշերօթիկ հաստատություններում երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում երեխաների տեղավորման կարգը և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը կամ գիշերօթիկ հաստատությունում գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան կամ գիշերօթիկ հաստատության ղեկավարը:

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի    իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում ն անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալտնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորվելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Զինված հակամարտությունների ժամանակ պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատությունում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության   ենթարկելիս

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:

Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:

Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական   հաստատություններում

Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:՜

Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:

Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելն ու վերադաստիարակելը:

 

ԳԼՈՒԽ 4
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը

Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում:

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է`
ա) ծրագրի հիմնական խնդիրները.
բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.
գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.
ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.
զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.
է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.
ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).
թ) սոցիալապես անապահով երեխաներին հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.
ժ) անօթևան կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչաշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).
ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 36. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 37. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1996 թվականի հուլիսի 19-ի ՀՕ-18 օրենքը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

4 հունիսի 2008 թ.
ք.ՍտեփանակերտՀՕ-28