ԼՂՀ օրենքը իրավական ակտերի մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2008 թվականիապրիլի 16-ին

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:

Հոդված 2. Իրավական ակտը

  1. Իրավական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ):

    Իրավական ակտը կարող է ունենալ ժամանակավոր կամ մշտական բնույթ, կարող է նախատեսված լինել մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար:

  2. Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ):
  3. Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը:

    Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ:

    Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաև նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը` նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում:

    Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

  4. Իրավական նորմն օրենքով սահմանված դեպքերում և սույն օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած վարքագծի կանոնն է, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և պարտադիր է անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար:
  5. Անհատական ակտ է սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների (այսուհետ` անձ) համար:

    Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

  6. Ներքին ակտ է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում չնշված պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ներքին իրավական ակտ ընդունող մարմին)` նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրենց իրավասության շրջանակում ընդունած այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր`
    1) գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ.
    2) օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.
    3) դա ընդունող իրավաբանական անձանց հիմնադիրներ (մասնակիցներ, անդամներ, փայատերեր և այլն) են:

    Ներքին իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

    Ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են սույն մասով չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր, իրավաբանական ուժ չունեն:

Հոդված 3. Իրավական ակտերին ներկայացվող ընդհանուր պահանջները

  1. Իրավական ակտ կարող է (են) ընդունել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքով դրա համար լիազորված կամ դրա իրավասությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պետական կամ համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները կամ հիմնարկները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
  2. Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:
  3. Իրավական ակտը պետք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին:
  4. Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է լինի հրապարակային:
  5. Նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:
  6. Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերն ընդունելու իրավասությունը

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`
    1) ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.
    2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը /այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ/, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները (այսուհետ` նախարարներ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը.
    3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում.
    4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը և Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով.
    5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը` դատական ծառայության մասով:
  2. Պետական այլ մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:
  3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

 

ԳԼՈՒԽ 2
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական այլ մարմինների,  պետական և համայնքային հիմնարկների ու իրավաբանական  անձանց իրավական ակտերը

  1. Պետական այլ մարմինները, պետական ու համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք ընդունում են միայն անհատական կամ ներքին իրավական ակտեր` իրավական ակտերով կամ իրենց կանոնադրություններով սահմանված լիազորությունների շրջանակում:
  2. Պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և իրավաբանական անձանց իրավական ակտերը չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, գերատեսչական ակտերին, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերին, դատական ակտերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

 

ԳԼՈՒԽ 8
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ԴՐԱՆՑԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 71. Իրավական ակտի փոփոխությունները կամ լրացումները

  1. Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում, եթե անհրաժեշտ է փոփոխել առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները:
  2. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`
    1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.
    2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.
    3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.
    4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

    Սույն մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով և առաջացնում են իրավաբանական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետևանքներ:

  3. Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
  4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով:
  5. Իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով:

    Օրենսգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են օրենքով:

    Համատեղ ընդունված իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած իրավական ակտով:

    Իրավական այն ակտերում, որոնց ընդունման համար օրենքով կամ օրենսդրական այլ ակտով պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն իրավական ակտի ընդունման համար համաձայնություն տված իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի համաձայնությամբ:

  6. Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին):

    Եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

Հոդված 72. Իրավական ակտի գործողության դադարումը

  1. Իրավական ակտի գործողությունը դադարում է`
    1) իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.
    2) իրավական ակտը վերացվելու դեպքում.
    3) իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.
    4) իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում.
    5) իրավական ակտի գործողությունը կասեցվելու դեպքում:
  2. Եթե դադարեցվելու է իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների որոշակի մասի գործողությունը, որը հնարավոր չէ առանձնացնել իրավական ակտերի մասերի ձևով, ապա իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որի մասով դադարեցվում է իրավական ակտի գործողությունը:
  3. Իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

    Իրավական ակտի գործողության դադարեցման դեպքում անհատական իրավական ակտերի գործողությունը կարող է դադարեցվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով նախատեսված կարգով և պայմաններով:

    Իրավական ակտի գործողությունը դադարած ճանաչելու` սույն մասով սահմանված հիմքերն իրավաստեղծ մարմնին, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովից, չեն ազատում համապատասխան իրավական ակտերի` սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով գործողությունը դադարեցված ճանաչելու պարտականությունից:

  4. Իրավական ակտի գործողության դադարեցման մասին իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

    Գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը կարող է վերականգնվել միայն համապատասխան իրավական ակտով` գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնման մասին ուղղակի դրույթի առկայության դեպքում:

  5. Իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով:

    Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է օրենքով:

    Համատեղ ընդունված իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների, ինչպես նաև համապատասխան լիազորություններով օժտված դրանց վերադաս մարմնի որոշմամբ:

    Եթե իրավական ակտի ընդունման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, ապա առանց դրա կամ դրա իրավահաջորդի համաձայնության այդ իրավական ակտի գործողությունը չի կարող դադարեցվել:

  6. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, եթե օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Հոդված 73. Իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը

  1. Իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում`
    1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե`
    ա) դադարել է իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը,
    բ) իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ իրավական ակտով,
    գ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ, որին հակասում են այդ իրավական ակտի դրույթները,
    դ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ իրավական ակտը,
    ե) ժամկետային իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրացել է.
    2) իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում` միայն նորմատիվ իրավական ակտերի մասով, եթե իրավաստեղծ մարմնի լուծարման որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
  2. Եթե իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի պահանջներին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, պարտավոր է իր ընդունած իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, եթե այդ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Այս դեպքում հակասող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
  3. Իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում դրա նորմատիվ իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում իրավական ակտն ընդունող մարմնի լուծարման պահից, եթե իրավաստեղծ մարմնի գործունեության դադարեցման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 74. Իրավական ակտը վերացնելը

  1. Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:

    Սույն դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասելու կամ հակասող ճանաչվելու պատճառով:

  2. Իրավական ակտը վերացված է ճանաչվում իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի որոշմամբ:
  3. Իրավական ակտը վերացնելու մասին իրավական ակտով պետք է լուծվեն իրավական ակտին հետադարձ ուժ տալու կարգը և պայմանները:
  4. Իրավական ակտը վերացված ճանաչվելու դեպքում չեն իրականացվում սույն օրենքի 75-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված միջոցառումները:

Հոդված 75. Իրավական ակտն անվավեր ճանաչելը

  1. Իրավական ակտն անվավեր է ճանաչվում`
    1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին.
    2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի կողմից իրավական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում.
    3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում.
    4) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքով սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն չներկայացվելու դեպքում.
    5) պատասխանատվություն նախատեսող անհատական իրավական ակտի պահանջը սահմանված վաղեմության ժամկետում չկատարվելու դեպքում:
  2. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտը կարող է տարածվել նաև այդ ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի իրավական ակտ չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ:

    Սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավական ակտով անվավեր ճանաչված իրավական ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` իրավական ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված իրավական ակտերը ենթակա են վերանայման իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

    Եթե որևէ նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա համապատասխան մարմինը կարող է հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:

  3. Սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից:

    Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

  4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:
  5. Իրավական ակտն իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի կամ դրա վերադաս մարմնի որոշմամբ կարող է անվավեր ճանաչվել, եթե օրենքով այդ ակտն անվավեր ճանաչելու համար պարտադիր դատական կարգ նախատեսված չէ:
  6. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտով կարող են լուծվել`
    1) իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը.
    2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.
    3) անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:
  7. Իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված ակտով իրենց տրված իրավունքներից, արտոնություններից, ազատություններից օգտվելու հետևանքով պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել, եթե նրանք չգիտեին կամ պարտավոր չէին իմանալ, որ տրված իրավունքները, արտոնություններն ու ազատությունները սահմանող իրավական ակտերն անվավեր էին:

Հոդված 76. Իրավական ակտը չեղյալ ճանաչելը

  1. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

    Իրավական ակտի նորմատիվ դրույթները չեն կարող չեղյալ ճանաչվել, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

  2. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից:

Հոդված 77. Իրավական ակտի գործողության կասեցումը

  1. Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ իրավական ակտի գործողությունը կարող է կասեցվել:

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով:

  2. Իրավական ակտի գործողության կասեցման մասին իրավական ակտով պետք է սահմանվեն`
    1) իրավական ակտի գործողության կասեցման պատճառը կամ նպատակը, ինչպես նաև ժամկետը.
    2) մինչև իրավական ակտի գործողության կասեցումը և դրա գործողության վերականգնումից հետո ծագած հարաբերությունների կարգավորման կարգը և պայմանները:

    Նշված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

22 մայիսի 2008 թ.ք.ՍտեփանակերտՀՕ-26