ԼՂՀ օրենքը տեղական ինքնակառավարման մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2008 թվականի  դեկտեմբերի 17-ին

Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Հոդված 3. Տեղական ինքնակառավարումը

  1. Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ և օրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքային նշանակության հարցերը լուծելու և համայնքի սեփականությունը տնօրինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով երաշխավորված իրավունքն ու կարողությունն է:
  2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 7. Տեղական ինքնակառավարման մարմինները

  1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:
  2. Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորություններ:
  3. Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:
  4. Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում` քաղաքապետը, գյուղական համայնքում` գյուղապետը) պաշտոնապես ներկայացնում է համայնքը, համայնքի գործադիր մարմինն է և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ու սույն օրենքով նախատեսված լիազորությունները:
  5. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:
  6. Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

ԳԼՈՒԽ 3
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 25. Համայնքի ղեկավարը

  1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 23 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ անձինք:
  2. Համայնքի ղեկավարը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն:
  3. Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Հոդված 26. Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Համայնքի ղեկավարի իրավասությունը

  1. Համայնքի ղեկավարը`
    1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.
    2) անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.
    3) համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
    4) հաստատում է աշխատակազմի (այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանումների), ինչպես նաև բյուջետային հիմնարկների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
    5) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.
    6) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.
    7) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
    8) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
    9) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին (բացառությամբ Ստեփանակերտի քաղաքապետի).
    10) համայնքի ավագանու համաձայնությամբ նշանակում և ազատում է համայնքի բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.
    11) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.
    12) կնքում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
    13) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.
    14) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.
    15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնացնելով պետական լիազոր մարմնի հետ.
    16) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
    17) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկները և կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).
    18) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.
    19) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ: Նորմատիվ որոշումների մեկ օրինակը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտում` պետական լիազորված մարմնին).
    20) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
    21) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.
    22) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.
    23) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
  2. Սույն հոդվածի 1-19-րդ կետերով նախատեսված լիազորությունները համարվում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 20-22-րդ կետերով նախատեսվածները` պետության պատվիրակած լիազորություններ:

Հոդված 33. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող  սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում

  1. Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
    1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը.
    2) կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.
    3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև` դատարանում.
    4) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է միջոցներ.
    5) իր լիազորությունների շրջանակում կայացրած որոշումներով խթանում է տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը և նպաստում ու օժանդակում է համայնքում նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը.
    6) կանոնակարգում է հանրահավաքների, երթերի, ցույցերի և զանգվածային այլ միջոցառումների անցկացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով.
    7) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը համայնքի արխիվից:
  2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
    1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ.
    2) ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը.
    3) վավերացնում է համայնքի բնակիչ համարվող անձանց կտակը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.
    4) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.
    5) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 41. Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության, մշակույթի և  երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում

  1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.
    կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները:
  2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:
  3. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
    1) աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
    2) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
    3) հաշվառում, դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստականռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը.
    4) աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը.
    5) աջակցում է հանրակրթական դպրոցների գործունեությանը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

28 հունվարի 2009 թ.
ք.Ստեփանակերտ ՀՕ-1-Ն