Կանոնադրություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
 

I. Ընդհանուր դրույթներ

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը (այսուհետեւ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության եւ գիտության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, եւ նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4.Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

5.Նախարարության անվանումն է՝

հայերեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն,

ռուսերեն՝ Министерство Образования и Науки Нагорно-Карабахской Республики,

անգլերեն՝ Ministry of Education and Science of the Nagorno Karabagh:

6.Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով եւ նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:

7.Նախարարությունը կազմված է նախարարից եւ նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպությունները եւ հիմնարկները:

8. Նախարարության նպատակները եւ խնդիրներն են՝

ա) հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանումն ու զարգացումը, կրթության եւ գիտության ԼՂՀ միասնական պետական քաղաքականության իրականացումը եւ դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը,

բ) կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի՝ մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորման ապահովումը.

գ) կրթության եւ գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը՝ որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի եւ հասարակական առաջընթացի բացառիկ կարեւոր գործոն:

Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«24» հոկտեմբերի 2007թ.
թիվ 442 որոշման
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Ս.Գրիգորյան